Շարունակվում են հանդիպումները սփյուռքահայ ուսանողների հետ

Մարտի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի (ՍՈՒԽ) նախագահ Սամվել Մկոյանը հանդիպումներ ունեցան երկու համալսարաններում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՍՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփի Պետրոսյանը:
Մովսես Խորենացու անվան համալսարանում հանդիպմանը ներկա են եղել ռեկտոր Արթուր Աղաբաբյանը և ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ՈՒԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միլենա Բալդրյանը:
Սամվել Մկոյանը սփյուռքահայ ուսանողներին ներկայացրել է ՍՈՒԽ-ի կատարած աշխատանքները և առաջիկայում սպասվող ծրագրերը: ԵԹԿՊԻ-ում այս տարի սովորում են Լիբանանից, Նիգերիայից, Սիրիայից, Ռուսաստանից և Վրաստանից եկած սփյուռքահայ ուսանողներ:
«Մենք միշտ պատրաստ ենք ցանկացած հարցով աջակցել ձեզ»,-ուսանողներին ասել է Գագիկ Գյանջումյանը՝ ներկայացնելով Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Սփյուռքահայ ուսանողները խոսել են իրենց մտահոգող հարցերի մասին և փորձել համատեղ ուժերով լուծումների ուղիներ գտնել:
Հավելենք, որ սփյուռքահայ ուսանողների հետ հանդիպումներն իրականացվում են ՀՀ սփյուռքի նախարարության և ՍՈՒԽ-ի նախաձեռնությամբ: Առաջիկայում նախատեսվում է այցելել Հայաստանի մյուս համալսարաններ: