Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայոց ցեղասպանության հարցում հետևել Նիդերլանդների օրինակին

Եգիպտոսի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի նախագահի տեղակալ Յահիա Քիտվանին եւ Արտաքին հարաբերությունների հանձնախմբի քարտուղար Թարեք Խուլին կրկին արծարծել են 1915 թվականի հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը:
Երկու պատգամավորները վկայակոչել են Նիդերլանդների խորհրդարանի օրինակը եւ Եգիպտոսի խորհրդարանից պահանջել են նմանօրինակ որոշում:
Ըստ Քիտվանի՝ անհրաժեշտ է նման քայլ ձեռնարկել հակադարձելու համար Թուրքիայի շարունակվող ոտնձգություններին: Նա ավելացրել է, որ Հայոց կոտորածները պատմական իրողություն են, եւ բոլորն էլ պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ:
Իր հերթին, Թարեք Խուլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Եգիպտոսը պատմության ականատեսն է՝ ապաստան տալով հայերին:
«Ջարդերը վերապրածների թոռներն ապրում են մեզ հետ, հետեւաբար Օսմանյան պետությունը վերակենդանացնելու ծրագրերը պետք է բացահայտել եւ փշրել Թուրքիայի հետապնդած ծավալապաշտական երազները»,-ասել է նա: