Առաջին հայի` Մարտին Հայի Ամերիկա ժամանման 400-ամյակին նվիրված գիտաժողով Լոս Անջելեսում
Լոս Անջելեսի Ջորջ Դեքմեջյան համայնքային կենտրոնի «Արարատ» տանը մարտի 16-ին պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կմասնակցի «400-ամյա հայ-ամերիկյան ժառանգության տոնակատարություն, 1618-2018թթ.» խորագիրը կրող հայ-ամերիկյան բազմադարյան ժառանգությանը նվիրված գիտաժողովին: Հայկ Դեմոյանը գիտաժողովի և ցուցահանդեսի կազմակերպման գլխավոր աջակիցներից է:
«Հայերն այօր»-ը, հղում կատարելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, հայտնում է, որ միաժամանակ տեղի կունենա հատուկ ցուցադրություն, որի ընթացքում կներկայացվեն հայ-ամերիկյան առնչությունները ներկայացնող թանկարժեք իրեր, պատմական արտեֆակտներ (նյութական մշակույթի նմուշներ-Հ.Ա) Արարատ-Էսքիջյան թանգարանից և Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուից:
Այս գիտաժողովը, որը նվիրված է առաջին հայի` Մարտին Հայի (Martin the Armenian) Ամերիկա ժամանման 400-ամյակին (Վիրջինիա, 1618թ.), կներկայացնի հայ-ամերիկյան համայնքի պատմության և ժառանգության նշանակալի ձեռքբերումները: