Մայրենին նվիրված դաս-միջոցառում ՌԴ Տյումեն քաղաքում

Հայոց լեզուն կարծես անտեսանելի ժապավենով կապում է աշխարհով մեկ սփռված հայերին։ Այս գաղափարի գիտակցումն է ընկած Մայրենիի օրվան նվիրված հերթական միջոցառման հիմքում, որը տեղի ունեցավ փետրվարի 18-ին  ՌԴ  Տյումեն քաղաքի  Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում։  Ամեն անգամ, երբ կրթօջախում լսվում է հայկական երգն ու ծիծաղը, թվում է` մի ոտնաչափ են դառնում հայրենիքից բաժանող կիլոմետրերը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, կենտրոնի նախապատրաստական և միջին խմբերի սաները բանաստեղծություններ, երգեր և ասույթներ հնչեցրեցին մաքուր հայերենով:

«Մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման համար լեզուն ամենաուժեղ գործիքն է:  Այն ազգային ինքնության պահպանման առհավատչյան է», -կարևորեց դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի  Ալվան Պողոսյանը`  արժևորելով միջոցառման դերն ու նշանակությունը նոր սերնդի հայեցի դաստիարակության գործում:

Ցուցադրվեց տեսահոլովակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձով:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձին։ Կենտրոնի սաները ներկայացրին Ամենայն Հայոց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը` տեսահոլովակի ուղեկցությանբ։ Նախապատրաստական խմբի սաները ցուցադրեցին «Շունն ու կատուն», «Փիսիիկի գանգատը» բեմականացումները, իսկ միջին խմբում` մեծ բանաստեղծի  քառյակները, բանաստեղծությունները  («Ամենից լավ տունը», «Հին оրհնություն»,  «Հայոց վիշտը»….),  դրվագները պոեմներից («Թմբկաբերդի առում», «Անուշ»…)՝ հուզմունք  պատճառելով հանդիսատեսին:

Արդեն ավանդույթ դարձած վիկտորինայի հաղթողները պարգևատրվեցին Թումանյանի պատկերը կրող հինգ հազար դրամանոցի կրկնօրինակներով, ինչը ոգևորեց նրանց, և որոշեցին  պահպանել որպես հուշ։

Բարձր տպավորություններով կիսվեցին նաև միջոցառմանը ներկա հյուրերը, ովքեր կարոտով լցված երգում էին հայկական հին ու նոր երգերը։

Շնորհակալական խոսք  ուղղվեց դասվարին և դպրոցի ուսուցչական անձնակազմին (տնօրեն`  Ռ. Դանիելյան)՝ արժևորելով  նման միջոցառումների նշանակությունը հայ ժողովրդի համախմբվածության գործում։

Միջոցառումն ավարտվեց, բայց միայն սցենարով:  Րոպեներ անց այս «Փոքրիկ Հայաստանի» յուրաքանչյուր անկյունից լսվում էր`  «Ամպի տակից ջուր է գալիս…»։

Scroll Up