Նախագահի խոսքով՝ Թուրքիան հակադրվել է եվրոպական արժեքներին. Շահան Գանտահարյան

Ի պատասխան «Նոյյան տապան»-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթի՝ Հայաստան – Թուրքիա հարաբերություններին վերաբերվող հատվածը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշել է․

«ՀՀ նախագահի մյունխենյան ելույթի՝ Երևան-Անկարա հարաբերությունների բաժինը նախաբանն է արձանագրությունների չեղարկմանը, որտեղ կա ընդգծված հետևողականություն։ Մյունխենում ասվածը վերջին հանգրվանն է՝ Սահմանադրական դատարանի ամրագրած վերապահումներից հետո, խորհրդարանի օրակարգից և ապա խորհրդարանից հետ քաշելու, արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու,  ապա մինչև գարուն չեղյալ հայտարարելու հրապարակային ելույթի:

Կարծում եմ նաև, որ այնտեղ լիարժեք օգտագործվել է Եվրոպայի կամ, առհասարակ, միջազգային հանրության հետ խոսելու քաղաքական լեզուն։ Պարզ տեսքով ասվում է, որ հակառակ Երևանի նախաձեռնությանը, հակառակ ամեն ինչ անելուն, նույնիսկ հայ ժողովրդի կարևոր հատվածի` Սփյուռքի ցուցաբերած սուր զգայնությանը, Անկարան չի ընդառաջել միջազգային ընտանիքի և հայկական կողմի քայլերին:

Այստեղ ևս, ինչպես և  Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան  խաղաղարար գործընթացի կամ հարաբերությունների կարգավորումը արգելակող կողմ են ներկայացվում:

Կարևոր է նաև այն, որ հաստատվում է, որ պայմանները փոխվել են և Թուրքիայի հետ հարաբերություններ մշակելու համար անհրաժեշտ է նոր փաստաթուղթ։ Այսինքն, Թուրքիայի պահվածքի պատճառով արձանագրությունների կյանքի չկոչվեցին, հետևաբար, Երևանը պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի մեկնարկի՝ մշակելի նոր փաստաղթերի հիման վրա:

Նախագահի խոսքով Թուրքիան հակադրվել է եվրոպական արժեքներին` փակել է սահմանը, շրջափակել մեր Հանրապետությունը, շարունակել նախապայմանային քաղաքականությունը և չի վավերացրել արձանագրությունները։ Անգամ այս պայմաններում Երևանը, նախանշելով արձանագրությունների չեղարկումը, պատրաստակամություն է հայտնում վերսկսելու բանակցությունները, բայց նոր փաստաթղթի հիման վրա, որտեղ չպետք է լինեն նախապայմանային իրավադրույթներ:

Կարծում եմ՝ լիարժեք աշխատել է Թուրքիային եվրոպական քաղաքական արժեհամակարգին հակադրելու մոտեցումը»:

Scroll Up