Հայազգի խոհարարը` Ղրիմի լավագույն խոհարարների ցանկում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/01/դավիթ.jpg)
Ռուսական «Московский комсомолец. Крым» պարբերականը կազմել է Ղրիմի 15 լավագույն խոհարարների ցուցակը, որում տեղ է գտել նաև հայազգի Դավիթ Տերտերովը, որը Սևաստոպոլի ռեստորաններից մեկի շեֆ խոհարարն է:
«Դավիթը մուտք է գործել այս ոլորտ բավականին անսպասելի կերպով. նա ծնվել է Թբիլիսիում՝ հայկական ընտանիքում: Նրանց ընտանիքում խոհանոցային մշակույթը սովորական բան էր», – tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ռուսական պարբերականը՝ նշելով, որ հայազգի խոհարարի առաջին ու հիմնական ուսուցիչները եղել են հենց նրա մայրն ու տատիկը:
«Մեզ համար տոները պատրաստություն էին, խաղողի բերքահավաք, գինու, քաղցր սուջուխի պատրաստում. դրանք մեզ համար սովորական ու հասկանալի բաներ են: Հետո պարզվեց, որ ես կարող եմ պատրաստել»,- պատմում է Դավիթը, ում առաջին պատրաստած ուտեստը եղել է տատիկի բաղադրատոմսով արված ձվածեղը:
Պարբերականը մանրամասնում է, որ հայազգի խոհարարն աշխատել է Ռուսաստանի բազմաթիվ հայտնի շեֆ խոհարարների հետ, ինչպես նաև հասցրել է աշխատել Շվեդիայում:
Նշվում է նաև, որ Դավիթը, որին հաճախորդները սիրում են նաև ուրախ բնավորության ու անմիջականության համար, Ղրիմում առավել հայտնի է իր ֆիրմային սթեյքերով և այլ մսային ուտեստներով: