Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Արցախի զորամասերում անց են կացվել մի շարք միջոցառումներ

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Արցախի մի շարք զորամասերում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ միջոցառմանը մասնակցել են շարժման հադրութցի առաջամարտիկներ, վետերաններ, դպրոցականներ, «Դիզակ» համույթը:

«Արցախյան շարժման ակտիվիստները, հանդիպումներ ունենալով զինվորների և սպայական անձնակազմի հետ, հանդես են եկել դասախոսություններով՝ ականատեսի վկայությամբ ներկայացնելով շարժման դրդապատճառները, ընթացքը և նշանակությունը: Դպրոցականներն էլ հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով, ազգագրական երգ ու պարով: Հանդիպման վերջում աշակերտները զինվորներին են հանձնել իրենց իսկ ձեռքով պատրաստած ծանրոցներ»,-ավելացրել  է Ե. Հայրիյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ իրենք նման նախաձեռնությամբ հանդես են գալու նաև Հադրութում, շրջանի Բանաձոր, Ուխտաձոր, Տող համայնքներում:

Ե. Հայրիյանի հավաստմամբ՝ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն մատաղ սերնդին հայրենասիրությամբ, հերոսությամբ  դաստիարակելու գործում:

Տեղեկացնենք, որ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից հայտարարված է «Ճանչիր ինձ՝ իմ ունակություններով» խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթ:

Scroll Up