Իրաքի Մուսուլ քաղաքի հայկական եկեղեցիներն այսօր. լուսանկարներ

Իրաքի 2-րդ ամենամեծ քաղաքում` Մուսուլում, հայերը հաստատվել են շատ հին ժամանակներից: Այս մասին են վկայում բազմաթիվ փաստեր, ինչպես օրինակ՝ 1352 թվականի ձեռագիր Քարոզգիրքը` «Գրեալ ի քաղաք Մուսուլի ի Մանուէլ քահանայէ» (Կարինյան ցուցակ, 2206 թ.): Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ արդեն իսկ 14-րդ դարում Մուսուլում հաստատաված էին հայեր, որոնք ունեին հոգևոր հովիվ և բնավ բացառված չէ, որ ունեին նաև եկեղեցի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Զախոյի հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Հմայակյանը, այսօր Մուսուլում ունենք 2 հայկական եկեղեցի, որոնք այսօր ավերվել են ահաբեկիչների կողմից:
Սբ. Էջմիածին եկեղեցի
Եկեղեցիներից հինը կոչվում է Սբ. Էջմիածին, որի կառուցումն ավարտվել է 1857թ. հունիսի 7-ին: Այն Իրաքի Հայոց թեմի ամենագեղեցիկ եկեղեցիներից է եղել, սակայն կապված վերջին տարիների դեպքերի հետ, անխնա անարգվել ու ավերվել է ԻՊ-ի կողմից: Ըստ եկեղեցու մոտակայքում ապրող մուսուլման ընտանիքներից ստացած տեղեկությունների` եկեղեցին օգտագործել են որպես դատարան, իսկ բակում գտնվող Առաջնորդարանը՝ որպես բանտ (նկարներում, եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ պատուհանները երկաթյա ճաղերով են փակված):
Այս պահին քաղաքն ազատագրված է ահաբեկիչներից, բայց դեպի եկեղեցի տանող ճանապարհն ամբողջությամբ ռմբակոծված է և հնարավոր չէ ո´չ մեքենայով, ո´չ էլ ոտքով հասնել եկեղեցի: Օրերս դա անել հաջողվել է Մուսուլի Թաղական խորհրդի ատենապետ պարոն Անդրանիկ Կյուլիզյանին: Վերջինս զիվորների ուղեկցությամբ եկեղեցի է հասել տների մեջ բացված անցքերով, որոնք փորել էին ահաբեկիչները քաղաքում ազատ և անվնաս տեղաշարժվելու համար: Պարոն Կյուլիզյանի խոսքով, եկեղեցու բակում ահաբեկիչների դիակներ են եղել:
Նորակառույց եկեղեցի
Մեր մյուս եկեղեցին նորակառույց է, դեռ չէր օծվել և անվանակոչվել, երբ սկսվեցին վերոհիշյալ դեպքերը: Այն ևս ավերված է: Եթե Սբ. Էջմիածնի պարագայում եկեղեցու տարածքը օգտագործվել է, որի արդյունքում պատերը կանգուն են մնացած, ապա նորակառույց եկեղեցին մի քանի անգամ փորձել են գետնին հավասարեցնել` օգտագործելով պայթուցիկներ, բայց նոր կառուցված լինելու և ամուր հիմք ունենալու շնորհիվ՝ լիարժեք իրենց ուզածին չեն հասել:
Այս պահին Մուսուլում ապրում է 3 հայ ընտանիք, թվով 10 մարդ: