Հունվարի 26-ին Իրաքի Քուրդիստանի Զախո քաղաքում տեղի ունեցավ ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Երեկոն կազմակերպվել էր տեղի հայկական համայնքի կողմից, որին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Սմբատ Խաչատրյանը, Հավրեզ ու Ավզրուկ հայաշատ գյուղերի ներկայացուցիչները, Դհոկի հայ համայնքի հոգևոր հովիվը և համայնքային կառուցյների ներկայացուցիչները։
Ինչպես
«Հայերն այսօր»-ին հայտնում են հայկական համայնքից, բացման խոսքում Զախոյի հայ հոգևոր հովիվ տեր Մամբրե Քահանա Հմայակյանը ներկայացրեց տոնի խորհուրդը և Հայոց բանակի նվաճումները անցած 26 տարիների ընթացքում։ Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ դեսպանության հյուպատոսը։
Երեկոյի ընթացքում ելույթով հանդես եկավ Զախոյի «Արցախ» երգչախումբը, ներկայացրեց հայրենասիրական երգեր և ասմունք։
Երեկոյի ավարտին հյուպատոս Սմբատ Խաչատրյանը Զախոյի հայ համայնքի վարչության ատենապետ Իշխան Սարգսյանին և անդամներ Մուրադ Ղազարյանին, Իսա Հակոբյանին, Խաչիկ Մխիթարյանին և Սերոբ Պետրոսյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարի շնորհակալագրերը՝ պատերազմական իրավիճակում հայ համայնքի պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։