Խոհարարական նախագծի միջոցով ներկայացվել են Կարսի և Գյումրիի մշակութային նմանությունները
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Կարս և Հայաստանի Գյումրի քաղաքների միանման մշակույթի ու խոհանոցային ավանդույթների մասին պատմող «Միասին քի՞չ հաց ու աղ ենք կերել» նախագիծը, որը մեկնարկել է Թուրքիայում, ֆիլմի և գրքի տեսքով վերջերս ներկայացվել է Օքսֆորդի համալսարանի կազմակերպած «Ուտելիքն ու խոհարարությունը» սիմպոզիումին:
Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը զրուցել է նախագծի հիմնադիրներից Իհսան Քարայազըի հետ, որն Արմինե Ավետիսյանի հետ նախագծի ղեկավարն է:
Խումբը նաև համագործակցել է Թուրքիայում ճանաչված գրող Թագուհի Թովմասյանի հետ, որը «Ձեր սեղանը թող միշտ շեն լինի» գրքի հեղինակն է:
«Ես մոտ 10 տարի ապրել եմ Կարսում: ՄԱԿ-ի տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրին մասնակցելուց հետո սկսեցի հետաքրքրություն ցուցաբերել տեղական մշակույթի նկատմամբ: Կարսի` այն ժամանակվա իշխանությունները սահմանից այն կողմ համագործակցության հարցում շատ լավ էին տրամադրված, ամեն տարի փառատոն էր կազմակերպվում, Հայաստանից մարդիկ էին գալիս, ես էլ սկսեցի այդ ժամանակ Հայաստան գնալ-գալ»,- պատմել է Քարայազըն:
Իր թիմի հետ միասին թուրք բանահավաքը նույն կերպ ուսումնասիրել է և՛ Կարսի, և՛ Գյումրիի կանանց պատրաստած ճաշերը, դրանց շուրջ հյուսվող պատմություններն ու ընդհանրությունները: Սահմանի երկու կողմում և միմյանց հետ կապ չունենալով ապրող այս մարդիկ ավելի ուշ հնարավորություն են ունեցել հանդիպելու մեկ սեղանի շուրջ՝ Կարսում, գրում է tert.am-ը: