Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը դարձել է Բրազիլիայի շախմատի չեմպիոն: Ռիո-դե-Ժանեյրոյում անցկացվող առաջնությանը մասնակցում էին Բրազիլիայի ուժեղագույն 12 շախմատիստ:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, ողջ առաջնության ընթացքում փայլուն խաղ ցուցադրելով և 11 հնարավորից հավաքելով 10 միավոր՝ հայազգի գրոսմայստերը դարձել է առաջնության հաղթող` արժանանալով 1300 ԱՄՆ դոլար պարգևի:

Սան-Պաուլու քաղաքը ներկայացնող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կրկնել է 2012թ-ի և 2016թ.-ի իր կարևորագույն ձեռքբերումը՝ դառնալով Բրազիլիայի չեմպիոն: Մխիթարյանը Բրազիլիայի առաջնության 3 ամենաբարձր վարկանիշային ունեցող շախմատիստներից է:

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը ծնվել է  1986թ․ Բրազիլիայի  Սան Պաուլու քաղաքում, որտեղ և ապրում է մինչ օրս։ Նրա մայրը Բրազիլիայից է, հայրը՝ Լիբանանից։ Ծնողները մանկուց սերմանել են նրա մեջ սերը դեպի հայրենիք, հայ մշակույթ և լեզու, ինչի շնորհիվ Սևակը հիանալի տիրապետում է հայերենին։ Նրա խոսքերով՝  շատ հպարտ է դրանով և ուրախ, որ մրցաշարերի ընթացքում հայ մասնակիցների հետ շփվում է մայրենի լեզվով։ Սովորել է Սան Պաուլուի հայկական դպրոցում։

Scroll Up