Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի. Հայկուհի Մինասյան

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոնում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  շինարարները գիշեր ու ցերեկ աշխատում են, որպեսզի մինչև հունվարի  28-ը շենքը հանձնեն շահագործման:

Նշենք, որ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի բացում նախատեսվում է 2018 թվականի հունվարի 29-ին:  Կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու տարբեր տարիներին վիրավորված, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, փորձելու են լուծել նաև նրանց զբաղվածության խնդիրը:

Հայկուհի Մինասյանի խոքերով՝  կենտրոնը համալրվելու է գերժամանակակից սարքավորմներով. «Շուտով թանկարժեք սարքավորումները կբերվեն Հայաստան: Ամեն ինչ արվելու է, որպեսզի զինհաշմանդամները անհրաժեշտ բուժում ստանան Հայաստանում: Կարծում եմ, որ այս կենտրոնի բացումից հետո զինվորներն այլև  արտերկիր գնալու կարիք չեն ունենա»:

ՀԿ-ի նախագահը նշեց, որ կենտրոնի ստեղծման գաղափարը առաջացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ անհրաժեշտություն  էր առաջացել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորների  բուժումը կազմակերպել արտերկրում, քանի  որ  Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները  համապատասխան հագեցվածություն չունեն:

«Ապրիլյան պատերազմի օրերին շատերը խոսում էին ողնաշարի, գանգուղեղի վնասվածք ստացած զինվորների բուժումը արտերկրում կազմակերպելու մասին: Դրսում վերականգնողական կենտրոնում բուժումը բավականին թանկ արժե, իսկ վերականգնողական բուժումն ամիսների հարց չէ, այլ տարիների: Ապրիլյան պատերազմից հետո մասնագետները կամավորական սկզբունքով զինվորական հոսպիտալ գնացին, նրանք սկսեցին աշխատել վիրավոր զինվորների հետ, այնպիսի արդյունքներ գրանցեցին, որոնք շատերի համար զարմանալի էին: Ծրագիր կազմեցինք, ներկայացրեցինք այն ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Արդյունքում, որոշվեց ստեղծել այս կենտրոնը և աջակցել մեր զինհաշմանդամներին»,- ասաց Հայկուհի Մինասյանը:

Նրա խոսքով՝ դաշտային աշխատանքներ են կատարել, որպեսզի գտնեին տարբեր տարիներին վիրավորված զինհաշմանդամներին: «Զինվորներ կային, որոնք տարիներ շարունակում գամված էին անկողնում, սակայն հիմա վերականգողնական բուժումներից հետո արդեն ոտքի են կանգնել: Որևէ զինհաշմանդամ անտեսված չպետք է լինի»,- ասաց Հայկուհի Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա 9000 հաշմանդամ, տարեկան 200-300-ով զինհաշմանդամների թիվն ավելանում է:

Վերականգնողական կենտրոնում ստացիոնար բուժում կարող են ստանալ 30-40 զինհաշմանդամ, իսկ ամբուլատոր բուժում՝ ավելի շատ հաշմանդամներ:

Նշենք, որ վերականգնողական բուժումն իրականացվում է անվճար:

Scroll Up