Թուրքիայի հայությունը մեծ շուքով նշել է Սուրբ Ծննդյան տոները

Սուրբ Ծնունդը մեծ խանդավառությամբ նշվել է նաև Թուրքիայի հայության շրջանում, որտեղ այս տարի ևս սուրբծննդյան պատարագներ են մատուցվել տասնյակ հայկական եկեղեցիներում:
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Ստամբուլի «Երեք խորան» հայկական եկեղեցու բակում տոնախմբությունն ուղեկցվում է հայկական ավանդական երգուպարով: Ելույթով է հանդես եկել Ստամբուլի հայկական «Մարալ» երգի ու պարի համույթը:
Ամանորի և սուրբծննդյան հատուկ համերգային ծրագրով է հանդես եկել նաև Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասի «Սահակյան Դպրաց դաս» երգչախումբը:
Աղբյուրը նշում է, որ տոնական ծիսակարգեր են իրականացվել նաև Թուրքիայի հայկական մի շարք միություններում՝ պատրաստվել է ավանդական անուշապուրը, տաք գինին:
Ինչպես նշում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», այս տարի ամեն տարվա պես սուրբծննդյան պատարագ է մատուցվել ոչ միայն Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում, այլև պատմական Կիլիկիայի որոշ հատվածներում. մասնավորապես՝ Իսքանդերունի հայկական «Քառսուն մանուկ» և Վագըֆ հայաբնակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում:
Դիարբեքիրի հայ համայնքը, սակայն, այս տարի ևս մնացել է առանց սուրբծննդյան պատարագի՝ Սուրբ Կիրակոսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: 2012 թվականին վերակառուցված և 2015 թվականին թուրք-քրդական բախումների կիզակետում հայտնված ու ավերածության ենթարկված Սուրբ Կիրակոսի դռները շարունակում են փակ մնալ:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանն Ամանորին ընդառաջ սիրիահայերի համար դրամահավաքի կոչ էր հղել ստամբուլահայ համայնքին: