Սևանա լճի ընդերքում կտեղադրվի System of a Down խմբի քանդակը

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի համար անցնող 2017-ն աշխատանքային առումով հարուստ ու հագեցած տարի էր:Panorama.am-ի հետ զրույցում քանդակագործն ամփոփեց անցնող տարին ու խոսեց 2018-ից սպասումների մասին:

Արդեն մեկ տարի է՝ նա աշխատում է մի նոր նախաձեռնություն շուրջ. Սևանա լճի ընդերքում՝ ջրի տակ, ուզում են տեղադրել System of a Down խմբի տղաների բետոնե քանդակը: Այս գործն ավարտին հասցնելու համար, սակայն, ժամանակ է պահանջվում, ֆինանսներ, որոշ հարցեր կան դեռ լուծելու:

«Իմ կարծիքով՝ մենք այս տարի այդ գործը կիրականացնենք, այն ընթացքի մեջ է, դա նաև զբոսաշրջիկների հոսք կբերի, այդ խմբի երկրպագուները ողջ աշխարհից գալիս են: Հիշում եք, չէ՞, համերգին որքան մարդ էր հավաքվել, սա մեծ արձագանք կունենա»,- ասաց նա:

Թոքմաջյանը նշեց, որ էլի հետաքրքիր մտքեր, գաղափարներ կան՝ օրինակ ձկնաբուծության համար նախատեսված մի տեղ, որը հետաքրքիր է լինելու արտաքնապես և պլաստիկ: Կա նաև գաղափար՝ կապված Մամիկոնյանց տոհմի հետ: Այս տոհմի ամբողջական, հավաքական կերպարն է կերտվելու և տեղադրվելու է Մամիկոնյանց փողոցում: 2018-ին քանդակագործը նաև մի քանի սիմպոզիումների մասնակցելու հրավերներ ունի, փետրվարին հրավիրված է Եգիպտոս, նաև մի շարք ծրագրեր կան, որոնք դեռ ընթացքի մեջ են, Թոքմաջյանը սպասում է դրանց իրականացմանը և որոշակիացմանը:

 

Scroll Up