Շնորհանդես Բրյուսելում

Նոյեմբերի 29-ին Բրյուսելի«Առաջընթաց» միության հայկական դպրոցի հյուրն էր Վալենսիայի հայկական միության հիմնադիր Արարատ Ղուկասյանը: Անցյալ տարի լույս տեսավ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսները կայացել են աշխարհի մի քանի երկրներում՝ Իսպանիայում, Հայաստանում, Լեհաստանում, Պրագայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում և ահա, հիմա էլ արդեն Բելգիայում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, միջոցառումն իր ողջույնի խոսքով սկսեց դպրոցի տնօրեն Լևոն Մուրադյանը: Նա ներկայացրեց մարդ-քաղաքացի հյուրին, նրա անցած ուղին: Այնուհետև ելույթ ունեցան հայկական դպրոցի սաները: Արարատն էլ, իր հերթին, մանրամասնեց իր կյանքի անցած ճանապարհը և գործունեության ոլորտը օտարերկրյա քաղաքներում: Ներկա գտնվողները սիրով ընդունեցին մեր հյուրին: Օրվա մթնոլորտը ջերմ էր, աշակերտներն էլ շատ հարցեր տվեցին: Եղան «հարց-պատասխան» մտերմիկ զրույցներ, որի շնորհիվ երկուստեք ստացան մի պատառ հոգևոր սնունդ, որն այնքան պետք է օտար երկրում ապրող հայերի համար:

Արարատ Ղուկասյանի գործունեության լայն ասպարեզում, իր ամենօրյա կյանքում կարմիր թելի պես անցնում է հայրենիքին, ազգին օգտակար լինելու ներքին մղումը: Դա նրա ամենօրյա շնչառությունն է: Կարդալով Արարատ Ղուկասյանի ստեղծագործությունները՝ անհնար է չվարակվել նրա հայրենասիրական զգացումներով: Մայր, հայենիք, սեր, բնություն խոհական մտորումները հուզում են ընթերցողին և մտորումների մի նոր աշխարհ բացում նրա դեմ:

Scroll Up