Մեր ուժը ստանում ենք Մայր հողից

Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայահոծ գաղութում աշխուժություն էր տիրում։ Օրեր առաջ մամուլում և հայկական ձայնասփյուռի եթերից հնչում էր հայտարարությունը, որ Վալանս է այցելելու ՀՀ sփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և բարձրաստիճան այլ հյուրեր։
Եկավ սպասված օրը։ Վալանսի հայ մշակույթի տունը (ատենապետ՝ Նազո Ջինբաշյան), դարձել էր հայաշունչ օջախ։ (Լեփ-֊լեցուն դահլիճի մուտքի մոտ հպարտ կանգնել էին սկաուտների խումբը՝ իրենց ողջույնը հղելու բարձրաստիճան հյուրերին։ Լուսավոր դահլիճում եռյակ էին կազմել Հայաստանի Հանրապետության, Ֆրանսիայի և ՀՅԴ դրոշները։ Ջերմ, ուրախ մթնոլորտ էր տիրում դահլիճում։
Ներս են մտնում բարձրաստիճան հյուրերը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, Վալանսի քաղաքապետ, փոխնախագա Նիկոլա Դարագոնը, Դրոմ նահանգի փոխնախագահ, Վալանսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Վերոնիկ Պուժան, Վալանսի հոգևոր հովիվ, արժաշնորհ Տեր Անդրանիկ Քահանա Մալջյանը, Ռոմանի և շրջակայքի հոգևոր հովիվ, արժանաշնորհ Տեր Դավիթ քահանա Մարգարյանը, «Մարանաթա» եկեղեցու պատվելի Լութեր Նասանյանը, «Ռադիո Ա»-ի տնօրեն Ջորջ Ավետյանը, «Ապրիլ 24» կոմիտեի ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզայանը, Ջորջ Ռաստքելենյանը, Արևելյան Եվրոպայի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ջորջ Իսասյանը, ՀՄԸՄ սկաուտական խմբի պատասխանատու Կարո Ստեփանյանը, փոխատենապետ Հարութ Տերտերյանը, Կապույտ խաչի շրջանային վարչության ներկայացուցիչ Արշալույս Յանբեկյանը, «Աղվիտա» մասնաճյուղի վարչության անդամ Ռիտա Այնեճյանը և այլ քաղաքական դեմքեր ու ներկայացուցիչներ։
Հյուրերը, ատենապետ Նազո Ջինբաշյան ուղեկցությամբ, շրջեցին և ծանոթացան հայ մշակույթի տանը գործող քույր միությունների գործունեություններին, այցելեցին նաև «Ռադիո Ա», ուր անցկացվեց հարցազրույց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Սրբազան Հոր հետ։
Այնուհետև հյուրերը վերադարձան դահլիճ, ուր հնչեց երկու երկրների օրհներգերը և Տերունական աղոթքը, որն էլ ազդարարեց երեկոյի սկիզբը։ Շատ հուզիչ էր պահը։ Այնուհետև մեծարգո հյուրերին և ներկաներին հայերեն բարի գալուստ փոխանցեց Վալանսի ՀՅԴ Քրիստափոր ենթակոմիտեի հերթապահ, հայ մշակույթի տան վարչության քարտուղար Սուսան Փահլևանյանը։ Նա իր խոսքում կարևորեց նախարարության դերն ու նշանակությունը Սփյուռքի համար, արժևորեց բազմաբնույթ ծրագրերի գոյությունը, փոխհամագործակցությունը:
Ապա ավելացրեց, ուրախ են, որ գոյություն ունի այն կամուրջ, որը միացնում է Սփյուռք, Հայաստան, Արցախ աշխարհները։
Բարի գալուստի խոսքը պատվարժան հյուրերին և ներկաներին ֆրանսերեն հղեց հայ մշակույթի տան ատենապետ, «Ապրիլ 24» կոմիտեի անդամ Նազո Ջինբաշյանը։
«Հայրենիքից հեռու ենք, բայց տեղյակ ենք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական ու մշակութային անցուդարձին։ Ապրում ենք հայրենիքի ցավերով և ուրախություններով։ Մեր նպատակն է, որ Արցախի սահմանում խաղաղություն տիրի, որ թշնամու գնդակից հայ զինվոր չզոհվի, որ համախմբվենք ու կարողանանք շարունակել և մեր արդար Դատի պահանջատերը դառնալ։ Մենք մեր ուժն ստանում ենք մայր հայրենիքից, մայր հողից, ուրեմն թո´ղ հզորանա, աշխարհին ճանաչելի դառնա այն եռամիասնությունը, որն անվանվում է Սփյուռք, Հայաստան, Արցախ»,-նշեց ատենապետը։
Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Սրբազան Հայրը, նշելով ու կարևորելով, որ հայ մնալու առաջին գրավականը Սփյուռքում լեզվի ու մշակույթի պահպանումն է։
Համակ ուշադրությամբ ներկաները լսում և իրենց գոհունակությունն էին հայտնում մերթընդմերթ ծափերի տարափով։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի մեջ նշեց հայ ինքնության դերի մասին, կարևորեց Սփյուք, Հայաստան, Արցախ կապի անհրաժեշտությունը։
Ելույթներ ունեցան նաև Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Բուղլե-Վալանսի քաղաքապետուհի Մաղլեն Մուղիեն, Վալանսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Վեղոնիկ Պուժան։
Հանդիպման ավարտին տիկին Հակոբյանը հայ մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանին նվիրեց ազգային երաժշտական գործիք դուդուկ, իր հեղինակած «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գիրքը և պարգևատրեց պատվոգրով։ Պարգևատրման արժանացան նաև «Ռադիո Ա»-֊ի աշխատակիցները, տնօրենը, իսկ «Ռադիո Ա»-֊ն իր 35-ամյակի առթիվ արժանացավ Երախտագիտության մեդալով, որը հանձնվեց տնօրեն Ջորջ Ավետյանին։
Նազո Ջինբաշյանը հարգարժան հյուրերին նվիրեց վարչության անդամ, նկարիչ Ժիղոմ Բոյաջյանի գործերից։
Այս անմոռանալի, բացառիկ երեկոն ծնեց բարեկամության և անխախտ միասնության հարատև դաշինք։
Սուսան Փահլևանյան
Հայ մշակույթի տան վարչության անդամ
Լուսանկարները՝ Գրիգոր Ամիրզայանի