Հուշ-երեկո՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 60-ամյակին

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված հայազգի հրամանատար, ԱՀ և ՀՀ ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանի (Ավո) ծննդյան 60-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ավոյի մարտական ընկերներն ու գաղափարակիցները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ, Ավոյի մարտական ընկեր Մովսես Հակոբյանն իր ելույթում նշել է, որ խորհրդանշական է, որ լեգենդար հրամանատարի հոբելյանը մեծ շուքով նշանավորվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացմամբ:
«Գոյապայքարի տարիներին, երբ Արցախի ու արցախահայության լինել չլինելու հարցն էր դրված, հայոց նվիրյալների գերնպատակը դարձել էր հայրենիքի պաշտպանությունը: Նրանց մեջ էր նաև Մոնթե Մելքոնյանը, ով աչքի ընկավ իր կրակոտ խառնվածքով, բանիմացությամբ, հայրենասիրությամբ: Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը: Ինձ համար Մոնթեն ազնվության բացարձակ չափանիշ էր: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, իրեն մյուսներից չգերադասող, կռվի թոհ ու բոհում, դաժանությունների մեջ բյուրեղյա, մաքուր անձնավորություն էր: Նա արցախյան ազատամարտն ընկալում էր համահայկական իր ողջ նշանակությամբ՝ որպես պատմական հայրենիքի ամբողջ տարածքի ինքնորոշման մի մաս»,-մասնավորապես ասել է Մ. Հակոբյանը:
Ելույթներով հանդես են եկել նաև Ավոյի մարտական ընկերներ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը, Մարտիրոս Ժամկոչյանը ովքեր փորձել են ամբողջացնել հերոսի կերպարը՝ կիսվելով նրա մասին իրենց հուշերով:
Հուշ-երեկոն ուղեկցվում էր ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթի հայրենասիրական երգերով, Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան պետական մանկապարտեզի սաների արտասանությամբ, ինչպես նաև Ավոյի մասին ցուցադրվող տեսանյութերով:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, հյուրեր և այլք:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի այսօրվա նիստում որոշում է կայացվել Երևանի փողոցներից մեկն անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով: