Դինքը իմ մեծ եղբայրն էր, ընկերս էր. Կարո Փայլան

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ թուրքական արդարադատությունը դեռ շատ հեռու է պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հանգամանքները բացահայտելուց ու մեղավորներին պատժելուց:

Ինչպես գրում է t24.com.tr կայքը, Փայլանը քննադատել է երկրի արդարադատության նախարարությանն ու նշել, որ պետությունը Դինքի սպանության գործով դատական գործընթացը վերածել է հեղաշրջման փորձից հետո երկրում մի շարք խմբերի հետ իրենց հաշիվները մաքրելու միջոցի:

«11 տարի է՝ հետևում եմ Դինքի սպանության գործով դատական գործընթացին: Որովհետև նա իմ մեծ եղբայրն էր, ընկերս էր, մենք միասին էինք պայքարում: Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո մենք ասացինք, որ այս գործին շատ պետական պաշտոնյաներ կան խառնված. սպանության նախապատրաստման մասին իմացող, հետևող, տեսնող… Դինքին թիրախ ցույց տված, մարդասպանին ճանապարհ ցույց տված, սպանությանը չխոչընդոտած բազմաթիվ պետական պաշտոնյաներ այդպես էլ չդատապարտվեցին»,- ասել է Փայլանը՝ շեշտելով, որ Թուրքիան կարիք ունի իսկապես «արդարություն բաշխող» Սահմանադրական դատարանի:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Արդարադատության նախարարությանը 2018 թվականին հատկացվելիք բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ էլ հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ մինչ օրս 400 հարցում է հղել նախարարությանը՝ բանտում գտնվող լրագրողներին ու պատգամավորներին այցելելու համար, սակայն որևէ մեկի վերաբերյալ մինչ օրս պատասխան չի եկել, գրում է Tert.am-ը:

Scroll Up