ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց:
Հայաստանի կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ կողմից` ԵԽ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:
Այս պահին Մոգերինին ու Նալբանդյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես գալիս:
«Այն բոլորիս համատեղ հաջողությունն է և կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար»,-ավելի վաղ իր ելույթում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նաև նշել էր, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։
«Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:
Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից»,-Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասել է նա: