Հոգու կանչով, գրչի շնչով. Վալանսում կայացավ Անժելա Սահակյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 17-ի երեկոյան Վալանսի հայահոծ գաղութը շտապում  էր Բուղլե  Վալանսի (Լա  Պասսղել) գրադարանի  սրահը`հանդիպելու գեղատեսիլ Արցախ  աշխարհի ծնունդ, գրող, հրապարակախոս Անժելա Սահակյանին։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սուսաննա  Փահլևանյանը, «Ճշմարտության   պարտադրանք»-ը ոտքի էր հանել հայ մշակույթի տան  վարչության անդամներին: Ատենապետը Նազո Ջինբաշյանն է, բազմազբաղ  անձնավորություն, որն ի զորու է, նույնիսկ այս պահին, երբ հսկայածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում  25 տարի վերանորոգում  չտեսած շենքում, մտահոգվել համայնքի հայապահպան գործունեությամբ։ Այսօր էլ հավուր պատշաճի ընդունելություն, հայանպաստ գործունեություն ծավալող այն վեհ առաքյալին,  որն օրնիբուն լծված է մեկ նպատակի՝ Սփյուռքում ապրող մարդկանց ծանոթացնել մայր հայրենիքի մաս կազմող մեր պատմական Արցախին, ծանոթացնել նրա ցավին, հասկացնել, որ այսօր էլ է ցեղասպանություն կատարվում, այսօր էլ են զոհվում, այսօր էլ  անմեղներ են նահատակվում, և պայքարել, որ նորանոր դավեր բույն չդնեն մեր բերրի ու պտղատու հողի ընդերքում։

Ահա այս առաքելությամբ Անժելա Սահակյանը շրջում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ իր հետ  տանելով  «Ճշմարտության պարտադրանքով» գիքը, իր կոչը, և ոչ միայն, այլ նաև Արփեն Մովսիսյանի «Հայից  հայ» հաղորդաշարից  պատառիկներ։ Այսօր էլ վալանասահայ համայնքը լսեց Անժելա Սահակյանին, թերթեց «Ճշմարտության պարտադրանքով» գրքի էջերը, դիտեց «Խոսի’ր Հայաստան, խոսի’ր աշխարհ» վավերագրական  ֆիլմը։

Այս հուզիչ հանդիպմանը  ներկա էին Վալանսի հոգևոր հովիվ Անդրանիկ Քահանա Մալջյանը, Վալանսի քաղաքապետարանի խորհրդի անդամներ Ժորժ Ռաստքլանը, Նատալի Իլյոզերը, քաղաքապետի տեղակալ և Դրոմ նահանգի  խորհրդի փոխնախագահ Վեղոնիկ  Պուժան, «Արմենիա»-ի նախագահ, թղթակից     Գրիգոր Ամիրզայանը, «Մալաթիա» հայրենակցական միության նախագահ Խոսրով Իլյոզերը, Բուղլե Վալանսի քաղաքապետի  տեղակալ  Ժան  Բնուա Քել Հակոբյանը, Բուղլե Վալանսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Մաղգղետ Ընգույենը, Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Դելպիեղ  Դեմոթեն, «Ապրիլ 24» կոմիտեի նախագահ, կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ջորջ Իսասյանը  և այլք։

Միջոցառումից հետո ներկաները բուռն քննարկումներ, կարծիքներ էին փոխանակում,  թերթում  հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն  տարբերակների էջերը   և ինքնագիր խնդրում «Ճշմարտության պարտադրանքով» գրքի հեղինակ,  Արցախի և Հայաստանի  գրողների միության անդամ Անժելա Սահակյանից, որի շուրթերից հնչում էր. «Ելի’ր, ով  հա՜յ,  քո երակներում  Հայկ  Նահապետի  արյունն է  հոսում, ժամանակն է, որ պայքարիդ  գաղափարը դառնա իսկական պայքար, ժամանակն է, որ հայրենաշունչ, ռազմական  երգերդ դառնան իրականություն  և ոչ թե  սպեղանի»։

Scroll Up