Նայմեխենի քաղաքապետն ընդունել է հայ դպրոցականներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/վան6-1.jpg)
Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Վան» մեկօրյա դպրոցի երկու աշակերտներ` Դավիթն ու Սոֆին, նոյեմբերի 20-ին քաղաքի ևս 10 երեխաների հետ հրավիրվել են Նայմեխենի քաղաքապետարան, որոնք ընդունել է քաղաքապետ Հյուբերթ Բրուլսին։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ, «Վան» մեկօրյա դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը, յուրաքանչյուր տարի քաղաքապետի կողմից մեդալներ են ստանում այն երեխաները, որոնք տարվա ընթացքում առանձնահատուկ դեր են ունեցել քաղաքի հասարակական կյանքում։
Դավիթն, օրինակ, իր նախաձեռնությամբ դասընկերների հետ կազմակերպել է իրենց իսկ ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդես-վաճառք, հրավիրել ծնողներին ու հարազատներին: Հավաքված գումարով նվերներ են գնել Նայմեխենի Մարտինսկլինիկ հիվանդանոցում բուժում ստացող մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար: Ծնողների և մանկավարժների ուղեկցությամբ երեխաները այցելել են հիվանդանոց ու տոն կազմակերպել հիվանդանոցում բուժում ստացող երեխաների համար։ Դավիթը մեծ հարգանքի է արժանացել այդ արարքի համար ու պարգևատրվել քաղաքապետ Հյուբերթ Բրուլսի կողմից։
Սոֆին, որը Հիփ-հոփ պարուհի է, իր 4 պարուհի ընկերուհիների հետ մասնակցել է Հիփ-հոփի աշխարհի առաջնությանը և 9-10 տարեկանների խմբում գրավել առաջին տեղը։ Սոֆին նույնպես պարգևատրվել է քաղաքապետ Հյուբերթ Բրուլսի կողմից: