«Ոսկե աշունը» Տյումենի Մեսրոպ Մաշտոցի  անվան    հայկական մշակույթի կենտրոնում  

Աշունն ամենուր է. այգում այն սեթևեթ է, փողոցներում տխրության ու հույսի մասին է պատմում, ջրափոսերում մոլորված տերևներն են…

Տյումենի Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնը  (տնօրեն՝  Ս. Ստեփանյան) բազմաթիվ եղանակներ է հյուրընկալել, բայց աշունն այստեղ ամենագունաշատն է:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են մշակույթի կենտրոնից, նոյեմբերի 12-ին,  հայկական մշակույթի կենտրոնի նախապատրաստական խմբում տոն էր: Գլխավոր դերում «Ոսկե աշունն» էր՝ իր ամբողջ գեղեցկությամբ: Ամեն ինչ զարդարված էր աշնանային գեղեցիկ ու վառ գույներով: Դասասենյակի մի անկյունը ձևավորվել էր երփներանգ, ոսկեդեղին տերևներով, որն անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրությանը: Միջոցառումը մեկնարկեց Թումանյանի խոսքերով գրված «Աշուն» երգի գեղեցիկ կատարմամբ: Մեծ բանաստեղծի աչքերը, երևի, ամենագեղեցիկ աշունն են տեսել:

Միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողները, ուսուցիչներն ու, պարզապես, աշնանը սիրահարված մարդիկ: Աշակերտներն իրենց ելույթով՝ երգ ու պարով, հա-նելուկներով, բեմականացումներով օրը դարձրին  տոնական  և անմոռաց: Նրանց շուրթերով աշունը  ներկայացավ իր ողջ հմայքով՝ ուրախությամբ, հանգստությամբ, թախիծով…

Այնուհետև աշակերտները մրցեցին իրենց կողմից զարդարված առատ սեղաններով, որտեղ ներկայացված էին  աշնան բարիրքները ` թուզը, խաղողը, տանձը, նուռը: Ներկայացված մրգերը արտահայտում էին աշխատավոր մարդու շնորհքը: Յուրաքանչյուր մասնակից ստացավ քաղցր նվեր՝ գեղեցիկ և պատշաճ ներկայանալու համար:

Մրցույթին հաջորդեցին  հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Պողոսյանի կողմից կազմա-կերպված խաղերը, որոնցում ներգրավվեցին միջոցառման բոլոր մասնակիցները:

Ծնողական կոմիտեի անդամ Արգինե Ալեքսանյանը շնորհավորեց և շնորհակա-լություն հայտնեց  դասվարին, կենտրոնի ուսուցիչներին՝ գեղեցիկ միջոցառման և ջերմ զգացողությունների համար:

Միջոցառումը ավարտվեց, իսկ աշունը դեռ գույներ է մաղում և զարդարում մասնակիցների՝ դեպի տուն տանող ճանապարհը:

Մինչ հաջորդ աշուն…

 

Scroll Up