Վիգեն Սարգսյանը այցելել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Առաջնորդարան

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Առաջնորդարանում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՊՆ մամուլի ծառայությունի, հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Պաշտպանության նախարարը, մասնավորապես, խոսել է բանակի մարտունակության և զինվորական ծառայության գրավչության բարձրացման, ռազմարդյունաբերության զարգացման, ռազմակրթական ծրագրերի բովանդակային փոփոխությունների, գիտելիքահենք բանակի ձևավորման անհրաժեշտության և մի շարք այլ խնդիրների մասին։ Վիգեն Սարգսյանը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերը, ներկաներին պատմել նոր, գերժամանակակից զինվորական հոսպիտալի ստեղծման հեռանկարների և շաբաթներ անց բացվող «Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի» մասին։

Պաշտպանության նախարարն իր ելույթում խոսել է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխության մասին, վստահեցնելով, որ ռազմակրթական այդ հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։

Ելույթի ավարտին Վիգեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Scroll Up