Կորդոբայի «Արարատ» պարախումբը հայկական մշակույթը ներկայացրեց օտարազգի հանդիսատեսին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի «Մշակութային քաղաք» համերգասրահում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի մասնաճյուղի «Արարատ» պարախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Վերոնիկա Կարադախյան) տարեվերջյան հաշվետու-համերգը: Ելույթ են ունեցել պարախմբի մեծահասակների և փոքրերի խմբերը, իսկ դուդուկի կատարումներով հանդես է եկել ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, երաժիշտ Գագիկ Գասպարյանը: Համերգին ներկա են եղել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի փոխատենապետ  Անտոնիո Սարաֆյանը, Կորդոբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, միության նախկին ատենապետներ, համայնքային, քաղաքային իշխանություններից ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Արգենտինայում ապրող ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր տարի ամփոփում են կատարած աշխատանքները՝ նմանօրինակ միջոցառումների միջոցով ցույց տալով իրենց երկրի մշակութային արժեքները: Կորդոբայի հայկական համայնքը ևս անմասն չի մնացել հայկական ավանդական մշակույթը, այս դեպքում՝ պարերը ներկայացնելուց, որին «Արարատ» պարախումբը շուրջ մեկ տարի մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել: Պարախմբի գեղարվեստական ղեկավար Վերոնիկա Կարադախյանը Սփյուռքում հայկական մշակույթը պահպանելու և տարածելու համար ՀԲԸՄ–ի Արգենտինայի մասնաճյուղի կողմից պատվոգրի է արժանացել:

Հավելենք, որ հաշվետու համերգին ներկա 500 հանդիսատեսի ճնշող մեծամասնությունն այլազգիներ են եղել: Իսկ երգիչ Ջոնաթան Ֆերնանդեսը կատարել է Կոմիտասի «Հով արեք» ստեղծագործությունը: Էկրանին տեսապատկերի միջոցով ցուցադրվել է Հայաստանի, Բիբիլական Արարատի և Հայոց ցեղասպանության մասին պատմող իսպաներեն թարգմանված տեսանյութեր, որոնք օտար հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն են թողել: Նրանք միջոցառման ավարտից հետո հուզված մոտեցել են կազմակերպիչներին և ասել, որ պետք է հպարտ լինեն հայ լինելու և մշակութային այսպիսի ժառանգություն ունենալու  համար:

 

  

 

 

 

 

Scroll Up