Հայաստանում բեռնատար մեքենաներ կարտադրվեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/մեքենա.jpg)
AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին $46 մլն կկազմեն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը PanARMENIAN.Netին փոխանցեց, որ հայ-ամերիկյան ընկերության արտադրության բեռնատարները կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Վրաստան, Իրան, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի այլ երկրներ:
AA Trucks-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Գագիկյանն էլ հայտնեց, որ մեքենան հայ-ամերիկյան համատեղ արտադրության նոր մակնիշի բեռնատար է լինելու։ Նա նշեց, որ բեռնատարներ կառաջարկվեն տնտեսական տարբեր բնույթի գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև ուժային կառույցներին:
«Բեռնատարի ներքին կահավորումը կհամապատասխանեցվի պատվիրատուի գործունեությանն ու շահագործման նպատակներին»,- ասաց Արմեն Գագիկյանը:
Հոկտեմբերին կառավարության որոշմամբ AA Trucks ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրվել:
Հայտարարվել էր, որ ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ $40 մլն:Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ: