Երևան-«Զվարթնոց» օդանավակայան երթուղին փոխվել է
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի 11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝ առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ (Աբովյան փողոց), «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի (Իսակովի պողոտա), Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:
Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։