Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնի անակնկալը հաշմանդամ երեխաներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/ուզբեկստան8.jpg)
Նոյեմբերի 3-ին Ուզբեկստանի հայկական մշակութային կենտրոնը Մարտին Սեթյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ հանդես է եկել բարեգործական մի հետաքրքիր նախաձեռնությամբ։ Կենտրոնի անդամներն ու կիրակնօրյա դպրոցի սաներն այցելել են Հաշմանդամ երեխաների վերականգնողական հանրապետական կենտրոն և իսկական տոն կազմակերպել այնտեղ բուժում ստացող 100 երեխաների և բուժանձնակազմի 80 անդամների համար։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կենտրոնից, մեր հայրենակիցները խնամքով էին նախապատրաստվել այս միջոցառմանը, արել էին ամեն ինչ՝ միջոցառումը հիշարժան և ուրախ դարձնելու համար։ Նրանք տոնական հյուրասիրություն, համերգ և զվարճալի խաղեր էին կազմակերպել երեխաների համար, պատրաստել էին նվերներ։ Միջոցառման կիզակետը հայկական ավանդական «Քոչարի»-ն էր, որը պարում էին բոլորը։ Պետք էր միայն տեսնել, թե ինչպես էին վառվում երեխաների աչքերը, ինչ խանդավառություն կար նրանց հայացքներում։ Նրանք կարծես ընկել էին հեքիաթի կախարդական աշխարհ և իսպառ մոռացել էին հիվանդություն ու ցավ։
Միջոցառմանը ներկա էին նաև Ուզբեկստանի պետական իշխանության, հանրային հեռուստաընկերության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Միջոցառման մասին ընդարձակ հաղորդում է հեռարձակվել Ուզբեկստանի հանրային հեռուստատեսությամբ։