Ֆրանսիայում պղծվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանը

Ֆրանսիայի Վիեն քաղաքում պղծվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին բացված հուշարձանը: Այս մասին հաղորդագրություն են տարածել Վիենի հայկական միությունները, հաղորդում է «Nuvelles d’Armenie» ամսագիրը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված Վիենի հուշարձանը կրկին պղծվել է: Հուշարձանի վրա երկու կողմից անարգական եւ անպատկառ գրություններ են արվել: Վիենի հայկական կազմակերպությունները միասնաբար դատապարտում են այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշել են բողոք ներկայացնել: Հուշարձանը պղծելով հարված է հասցվել ոչ միայն 1915-ի նահատակների, այլեւ բոլոր այն հայերի հիշատակին, որոնք համաշխարհային երկու պատերազմների ժամանակ նահատակվել են Ֆրանսիայի համար, եւ որոնց հիշատակին նույնպես նվիրված էր այս հուշարձանը: Այս վանդալիզմը վերջին տարիներին Ֆրանսիայում արձանագրված պղծումների շարքի մի մասն է կազմում եւ հայերին հիշեցնում է, թե որքան երկար է հիշողության պաշտպանության եւ ժխտողականության դեմ պայքարի ճանապարհը: Սա շարունակում է այժմեական հարց մնալ եւ կրկին իշխանություններից խիստ պատասխան է պահանջվում»։
Վիենի հուշարձանը պղծվել էր նաեւ 2003-ին: