Հայկական մշակութային շաբաթ Ֆինլանդիայում

Հոկտեմբերի 28-ին Հելսինկիում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված հայ-ֆիննական բարեկամությանը։ Միջոցառման շրջանակում նշվեց երկու հոբելյանական տարեդարձ` Ֆինլանդիայի անկախության 100–րդ և հայ–ֆիննական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–րդ ամյակը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Ֆինլանդիա-Հայաստան միության» փոխնախագահ Մարինե Դանոյանը, միջոցառման ծրագիրը ներառում էր ինչպես հայկական, այնպես էլ ֆիննական տարրեր և համախմբել էր ոչ միայն Ֆինլանդիայի, այլ նաև հարևան Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Տալլինի հայկական դպրոցի տնօրեն Ջաննա Շահբազյանի գլխավորությամբ։ Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեցին Էստոնիայի «Տայք» պարախումբը և մանկական «Երազանք» երգչախումբը՝ ներկայացնելով հայկական երգ ու պարով հագեցած մի շքեղ ծրագիր։

Պարուսույց Գոհար Հովակիմյանն անգամ մի փոքրիկ պարային դասընթաց կազմակերպեց բոլոր ներկաների համար՝ բոլորին դարձնելով միջոցառման ակտիվ մասնակից։

Հուզիչ էր նաև Հելսնիկիի հայոց լեզվի խմբակի աշակերտների ներկայացրած հայրենասիրական բանաստեղծությունները։ Միջոցառմանը ներկա էին նաև ֆին թատերական գործիչներ։ Մանկապատանեկան «ILMIO» թատրոնի դերասանները երեխաների հետ տեղում թատերական խաղ-ներկայացում բեմադրեցին, որի հիմքում նույնպես ընկած էր հայ-ֆիննական բարեկամության թեման։ Իսկ  ֆիննական «Q-teatteri» թատրոնի վարչության խորհրդի նախագահ Յուկկա-Հյուդի Հյուտտին առաջին անգամ ներկայացրեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունները` ֆիններեն թարգմանությամբ։

Պաշտոնական ծրագրից հետո հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու հայկական և ֆիննական ուտեստներ՝ հարիսա, ղափամա և քաղցրավենիքներ:

Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էին Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանի տեղակալ Արշակ Մանուկյանը, ինչպես նաև ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ իր դերասանական խմբով` դերասան Ալեքսանդր Խաչատրյանի գլխավորությամբ։ Նրանք Ֆինլանդիայում էին գտնվում հատուկ առիթով. օրեր առաջ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչ» ֆիլմը հաղթող էր ճանաչվել Սկանդինավյան ֆիլմերի փառատոնում` մրցանակի արժանանալով 2 անվանակարգում` լավագույն գեղարվեստական ֆիլմ և լավագույն դերասան, որը մարմնավորել էր դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։

Հատկանշական է, որ Հելսինկիում նախորդ շաբաթը հագեցած էր հայկական տարրեր պարունակող մշակութային իրադարձություններով. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Սկանդինավյան ֆիլմերի փառատոնի մրցանակաբաշխությունը, որտեղ, ինչպես նշեցինք,  մեր հայրենակիցները մրցանակի արժանացան, իսկ հոկտեմբերի 27-ին Հելսինկիի «Երաժշտության տան»-ը տեղի ունեցավ տաղանդաշատ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Հոկտեմբերի 28-ի «Ֆինլանդիա-Հայաստան միության» կողմից կազմակերպված  հայ-ֆիննական բարեկամությանը նվիրված տոնակատարությունն էլ գեղեցիկ կերպով ամփոփեց ինչ-որ առումով հայկական մշակութային շաբաթը Հելսինկիում։

 

Scroll Up