«Թուրքական և ադրբեջանական լոբբին Եվրոպայում» խորագրով քննարկում Եվրոպահայերի 4-րդ համագումարում

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելի Հայ տանը կայացած Եվրոպահայերի 4-րդ համագումարի 2-րդ կլոր սեղանը կրում էր «Թուրքական և ադրբեջանական լոբբին Եվրոպայում» խորագիրը, որի զրուցավարն էր ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը, որն իր խոսքում նշեց, որ նյութը շատ կարևոր և այժմեական է և անհրաժեշտ է քննարկել տարբեր տեսանկյուններից:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ բանախոսը նշեց, որ թուրքական և ադրբեջանական լոբբին օգտագործում է 6-7 փաստարկներ, սակայն նաև ոչ օրինական միջոցներ, որոնք առնչվում են կաշառակերությանը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց, որ կազմակերպությունը 6 հոգանոց խումբ է, որը գործում է Բրյուսելի և Երևանի գրասենյակների միջոցով: Նա ներկայացրեց մի շարք թուրքական և ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների և նրանց գործունեության ուղղությունները: Հայրապետյանը նշեց, որ երկու երկրների լոբբիստական կազմակերպությունները համագործակցում են որոշ հարցերի շուրջ: Բանախոսը ցավ հայտնեց, որ Եվրոպայում, ուր ժողովրդավարություն է քարոզվում, դրամի ազդեցության տակ ժողովրդավարության ու մարդու իրավունքի դեմ գործունեություն է ծավալվում:

Լրատվական ուսումնասիրությունների մի շարք կենտրոնների հիմնադիր Մուրադ Փափազյանը հայտնեց, որ թուրքական և ադրբեջանական լոբբիները նույնն են, ունեն նույնպիսի միջոցներ և պետական ֆինանսավորում և որդեգրել են ամեն գնով ոչնչացնել հայկական լոբբին: Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի ֆինանսավորում հայկական լոբբին, իսկ թուրքերը և ադրբեջանցիները ֆինանսավորվում են իրենց պետությունների կողմից, այդ պատճառով համարվում են Էրդողանի և Ալիևի գործակալներ, իսկ հայերը` իրենց երկրների քաղաքացիներ:

Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ սոցիալական ցանցերում աշխույժ կերպով ընթանում է հայ-թուրքական հակամարտությունը, և այսօր սոցիալական ցանցերը նկատվում են պայքարի ճակատներից մեկը: Այդ ցանցերում սկսվել է Թուրքիայի և Ադրբեջանի սերտաճում, որտեղ մեծ ազդեցություն ունեն թուրքիաբնակ ադրբեջանցիները:

Փորձագետը նշեց, որ ադրբեջանական կողմը Թուրքիայից ավելի հարձակողական է Հայոց ցեղասպանության ժխտման հարցում, իսկ փոխարենը` թուրք ազգայնականներն ավելի աշխույժ են Արցախյան հիմնախնդրին վերաբերող նյութերի մեջ: Երկու կողմերն էլ օգտագործում են մեծ թվով համացանցային քարոզչական աշխատողներ:

 

Scroll Up