Միասնաբար պետք է հզորացնել Հայաստանը. Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Եվրոպահայերի 4-րդ համագումարին

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Հայերն այսօր»-ը, հոկտեմբերի 18-ին Բելգիայում մեկնարկել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որին մասնակցում են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլք:

Բրյուսելի Հայ տանը ընթացող համագումարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորել է քաղաքական, պատմական, ազգային մեծ հնչեղություն ունեցող համաժողովի անցկացումը, որի օրակարգում քննարկվելու են Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, հայապահպանությանը նվիրված շատ կարևոր հարցեր:

Նախարարն անդրադարձել է Եվրոպայում հաստատված հայերին, ովքեր անուն և պատիվ են ձեռք բերել դեռևս անհիշելի ժամանակներից և իրենց ավանդը ներդրել նաև համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը: Հրանուշ Հակոբյանը խոսել է նաև Սուրբ Ղազար կզում հաստատված Մխիթարյանների միաբանության, Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանի մասին:

Նախարարն իր ելույթում կարևորել է հայրենադարձության հարցը, անդրադարձել հայկական համայնքից հեռացածների խնդրին՝ հայադարձությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ միասնաբար պետք է կարողանանք հզորացնել Հայաստանը:

Scroll Up