ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

«Ամենասուրբ Երրորդութեանն ընտրեալ ծառայ եւ հաւատարիմ,
Յաղթո´ղ սպառազէն եւ քա´ջ նահատակ,արագահաս սու´րբդ Սարգիս,
Շնորհաց օթեւա´ն,բարեխօ´ս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»
(շարական)

Քրիստոսի Եկեղեցու համար նահատակված բազում սուրբերի շարքում  իր առանձնաշնորհյալ տեղն ունի սբ. Սարգիս զորավարի անունը, ում հիշատակի տոնը յուրահատուկ ակնածանքով ու սիրով է նշում քրիստոնյա աշխարհը, այդ թվում, ու թերևս առավել մեծ շուքով` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն ժողովուրդը, հատկապես երիտասարդությունը` նաև Եկեղեցուց դուրս կազմակերպված բազմապիսի հանդիսություններով ու ժողովրդական հնավանդ սովորություններով համեմված տոնախմբությամբ: Սուրբ Սարգիս զորավարի հիշատակումը մեր Եկեղեցու շարժական տոներից է(Սուրբ Զատիկի տոնով պայմանավորված) և այս տարի նշվում է հունվարի 26-ին:Պատմական ակնարկ

Ս. Սարգիս զորավարը(ազգությամբ հույն) հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Իր անսահման քաջության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս Բարեպաշտ կայսեր կողմից(4-րդ դար) կարգվում է իշխան և սպարապետ Մեծ Հայքին սահմանակից Կապադովկիայում:

Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք, երբ վերստին սկսվում են հալածանքները քրիստոնյաների հանդեպ, Սարգիսը հեռանում է կայսրության սահմաններից և իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում: Որոշ ժամանակ անց, սակայն, Հայաստանից անցնում է Պարսկաստան և Շապուհ արքայի կողմից ընդունվում զինվորական ծառայության: Երբ Շապուհն իմանում է, որ Սարգիսը քրիստոնյա է, պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Քաջ զորավարը մերժում է պարսից արքայի պահանջը` ասելով. «Երկրպագության արժանի է միայն մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը աստվածներ չեն և չեն կարող լինել, քանի որ հողեղեն մարդը դրանք կարող է ոչնչացնել»: Այս խոսքերից հետո Սուրբը խորտակելով ջարդուփշուր է անում բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը:

Ս. Սարգիսը բանտարկվում է` ենթարկվելով անասելի չարչարանքների, սակայն աներեր է մնում իր հավատքի մեջ, ինչի համար էլ շատ չանցած գլխատվում է: Նահատակվելուց հետո Սրբի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ, քրիստոնյա դարձած 14 պարսիկ զինվորները:
Մեկ դար անց Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Հայաստան, որտեղ էլ` Ուշի գյուղում, կառուցվում է Ս. Սարգիս զորավարի անունը կրող առաջին եկեղեցին:

Ավանդություն և ծես

Ժողովրդական պատումներից մեկի համաձայն` Սարգիսը իր 39 քաջ զինվորների հետ հերթական ճակատամարտից հաղթական վերադարձը նշում են կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատվիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են կայսեր պատվերը: Սակայն 40-րդը, քնած Սարգսի առնական և խաղաղ դեմքը տեսնելով, սիրահարվում է նրան և սպանելու փոխարեն համբուրելով` արթնացնում: Տեսնելով կատարվածը` Սարգիսը, իր ճերմակ նժույգը հեծնելով և սիրահարված աղջկան իր հետ վերցնելով, ջարդուփշուր է անում քաղաքի դարպասները և բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից:

Այս գեղեցիկ պատմությունը հիմք է դարձել, որ սիրահարվածներն իրենց երազանքը իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսել են համարել իրենց արագահաս բարեխոսը:

Սուրբ Սարգսի տոնի հետ անուղղակիորեն կապվող` մեր ժողովրդի մեջ տարածված սովորություններից է աղի բլիթ ուտելու սովորույթը: Հայ Եկեղեցու ավանդության հետ այն որևէ առնչություն չունի, սակայն մեր Եկեղեցին հարգում է ժողովրդական ավանդույթները` մերժելով, սակայն, ցանկացած տեսակի գուշակություն:

Ս. Սարգսի տոնի նախընթաց գիշերվա հիշատակելի սովորություններից է փոխինդով սինին(մատուցարանը) դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդության` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի: Եվ ում սինիի մեջ լցված փոխինդի կամ ալյուրի վրա որ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարվա ընթացքում կիրականանա սիրահար երիտասարդի երազանքը:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են կատարվում: Այդ օրը երիտասարդները աղոթում են Սրբին, որ իրենց աղերսները հասցնի առ Աստված:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին:

Այդ օրը Ս. Սարգիս զորավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի արդեն ավանդական դարձած` երիտասարդների օրհնության կարգ:

Պատրաստեց  Հ.  Կարապետյանը` ըստ ԱՀԹ քարոզթերթիկի

Scroll Up