ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

«Ամենասուրբ Երրորդութէանն ընտրէալ ծառայ եւ հաւատարիբմ,
Եաղթոբղ սպառազէն եւ քաբջ նահատակ, արագահաս սուբրբդ Սարգիս,
Շնորհաց օթեւաբն, բարեխօբս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց»
(շարական)

Քրիստոսի Եկեղեցու համար նահատակուած բազում սուրբերի շարքում իր առանձնաշնորհեալ տեղն ունի սբ. Սարգիս զօրավարի անունը, ում յիշատակի տօնը իւրայատուկ ակնածանքով ու սիրով է նշում քրիստոնեայ աշխարհը, այդ թւում, ու թերեւս առաւել մեծ շուքով` Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ համայն ժողովուրդը, յատկապէս երիտասարդութիւնը` նաեւ Եկեղեցուց դուրս կազմակերպուած բազմապիսի հանդիսութիւններով ու ժողովրդական հնաւանդ սովորութիւններով համեմուած տօնախմբութեամբ: Սուրբ Սարգիս զօրավարի յիշատակումը մեր Եկեղեցու շարժական տօներից է(Սուրբ Զատիկի տօնով պայմանաւորուած) եւ այս տարի կը նշուի յունուար 11-ին:

Պատմական ակնարկ

Ս. Սարգիս զօրավարը(ազգութեամբ յոյն) հայ ժողովրդի ամենասիրուած սրբերից է: Իր անսահման քաջութեան համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս Բարեպաշտ կայսեր կողմից(4-րդ դար) կարգւում է իշխան եւ սպարապետ Մեծ Հայքին սահմանակից Կապադովկիայում:

Յուլիանոս Ուրացող կայսեր օրօք, երբ վերստին սկսւում են հալածանքները քրիստոնեաների հանդէպ, Սարգիսը հեռանում է կայսրութեան սահմաններից եւ իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնեայ Հայաստանում: Որոշ ժամանակ անց, սակայն, Հայաստանից անցնում է Պարսկաստան եւ Շապուհ արքայի կողմից ընդունւում զինուորական ծառայութեան: Երբ Շապուհն իմանում է, որ Սարգիսը քրիստոնեայ է, պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Քաջ զօրավարը մերժում է պարսից արքայի պահանջը` ասելով. «երկրպագութեան արժանի է միայն մէկ Աստուած` Ամենասուրբ Երրորդութիւնը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը աստուածներ չեն եւ չեն կարող լինել, քանի որ հողեղէն մարդը դրանք կարող է ոչնչացնելէ: Այս խօսքերից յետոյ Սուրբը խորտակելով ջարդուփշուր է անում բագինը: Զայրացած ամբոխը յարձակւում է Սարգսի եւ նրա որդու վրայ: Առաջինը նահատակութեան պսակն ընդունում է որդին` Մարտիրոսը:

Ս. Սարգիսը բանտարկւում է` ենթարկուելով անասելի չարչարանքների, սակայն աներեր է մնում իր հաւատքի մէջ, ինչի համար էլ շատ չանցած գլխատւում է: Նահատակուելուց յետոյ Սրբի մարմնի վրայ լոյս է ծագում: Քրիստոնէական հաւատքի համար նահատակւում են նաեւ Ս. Սարգսին հաւատարիմ, քրիստոնեայ դարձած 14 պարսիկ զինուորները:
Մէկ դար անց Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Հայաստան, որտեղ էլ` Ուշի գիւղում, կառուցւում է Ս. Սարգիս զօրավարի անունը կրող առաջին եկեղեցին:

Աւանդութիւն եւ ծէս

Ժողովրդական պատումներից մէկի համաձայն` Սարգիսը իր 39 քաջ զինուորների հետ հերթական ճակատամարտից յաղթական վերադարձը նշում են կայսերական պալատում: Երբ բոլորը գինովցած քուն են մտնում, կայսրը 40 աղջիկների պատուիրում է սպանել 40 քաջերին: 39 աղջիկներն իրագործում են կայսեր պատուերը: Սակայն 40-րդը, քնած Սարգսի առնական եւ խաղաղ դէմքը տեսնելով, սիրահարւում է նրան եւ սպանելու փոխարէն համբուրելով` արթնացնում: Տեսնելով կատարուածը` Սարգիսը, իր ճերմակ նժոյգը հեծնելով եւ սիրահարուած աղջկան իր հետ վերցնելով, ջարդուփշուր է անում քաղաքի դարպասները եւ բուք ու բորան բարձրացնելով` հեռանում քաղաքից:

Այս գեղեցիկ պատմութիւնը հիմք է դարձել, որ սիրահարուածներն իրենց երազանքը իրականացնելու նպատակով Ս. Սարգսին սկսել են համարել իրենց արագահաս բարեխօսը:

Սուրբ Սարգսի տօնի հետ անուղղակիօրէն կապուող` մեր ժողովրդի մէջ տարածուած սովորութիւններից է աղի բլիթ ուտելու սովորոյթը: Հայ Եկեղեցու աւանդութեան հետ այն որեւէ առնչութիւն չունի, սակայն մեր Եկեղեցին յարգում է ժողովրդական աւանդոյթները` մերժելով, սակայն, ցանկացած տեսակի գուշակութիւն:

Ս. Սարգսի տօնի նախընթաց գիշերուայ յիշատակելի սովորութիւններից է փոխինդով սինին(մատուցարանը) դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքին: Ըստ աւանդութեան` Ս. Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի: Եւ ում սինիի մէջ լցուած փոխինդի կամ ալիւրի վրայ որ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարուայ ընթացքում կ’իրականանայ սիրահար երիտասարդի երազանքը:

Ս. Սարգիս զօրավարը երիտասարդների արագահաս բարեխօսն է: Նրա միջնորդութեամբ հրաշքներ են կատարւում: Այդ օրը երիտասարդները աղօթում են Սրբին, որ իրենց աղերսները հասցնի առ Աստուած:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինութեամբ Ս. Սարգիս զօրավարի տօնը հռչակուել է Երիտասարդների օրհնութեան օր: Այս տարի այն նշւում է յունուար 11-ին:

Այդ օրը Ս. Սարգիս զօրավարի անունը կրող բոլոր եկեղեցիներում կը մատուցուի Ս. Պատարագ, որից յետոյ կը կատարուի արդէն աւանդական դարձած` երիտասարդների օրհնութեան կարգ:

Պատրաստեց Հ. Կարապետեանը` ըստ ԱՀԹ քարոզթերթիկի

Scroll Up