Շվեյցարիայում ապրող երկու հայ՝ Վահե Գաբրաշ և Պիեր Քուքջյան

Բարերար Վահե Գաբրաշն ու նկարիչ, դիզայներ Պիեր Քուքջյանը ապրում են Շվեյցարիայում: Մարդիկ, որոնց միավորել է ո´չ միայն բարեկամությունը, այլև արվեստն ու հայկականությունը: Ճանաչված անձնավորություններ, որոնք հաջողությունների են հասել օտար երկրում, սակայն ցանկանում են օգտակար լինել նաև իրենց հայրենիքին:
Ներկայացվող պատմություն-դիմանկարը Շվեյցարիայում ապրող երկու հայի մասին է:
Պիեր Քուքջյան. նկարիչ, դիզայներ, ում աշխատանքներն իր ներաշխարհի արտացոլանքն են.
– Ծնվել եմ Բեյրութում, ապրել եվրոպական տարբեր քաղաքներում, բայց այժմ բնակության վայրս Ժնևն է: Գեղանկարչական ու քանդակների ցուցահանդեսներ եմ կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում: Երրորդ անգամ եմ Հայաստանում: Հետաքրքիր է, որ ամեն անգամ վերադառնալով՝ Հայաստանն ավելի եմ սիրում:
Իմ աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ինչպես նշեցի, անհատական ցուցահանդեսներ եմ ունեցել տարբեր երկրներում, իմ ծննդավայրում՝ Բեյրութում, սակայն Հայաստանում ներկայանալու հնարավորություն դեռ չեմ ունեցել: Այդ մասին խոսեցինք, երբ հանդիպեցի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Արդեն սկսել եմ մտածել այս ուղղությամբ: Կցանկանայի նաև որևէ քանդակ նվիրել Հայաստանին, որոշ գաղափարներ, մտքեր ունեմ, որոնք պետք է զարգացնել: Նախարարը մեր հանդիպման ժամանակ մի միտք ասաց՝ մեր ուժը միասնության մեջ է: Երբ վերադառնամ, կփորձեմ մտածել այդ մասին, և իմ քանդակի միջոցով ներկայացնել մեր «ուժը»:
Գիտեք, իրականում ամեն մարդ արտիստ է, որն իր ներսում կուտակվածը փորձում է ցուցադրել տարբեր ձևերով՝ նկարչություն, քանդակ, լուսանկարչություն, հագուստի մոդելավորում, երաժշտություն: Ասել է թե՝ այդ իրերի միջոցով ցույց է տալիս, թե ինչ է զգում, ինչ է մտածում: Նույնն է նաև իմ պարագայում: Սիրում եմ աշխատել տարբեր նյութերով՝ մետաղ, ապակի, քար, սիրում եմ նաև նորարարություններ անել:
Ինչի՞ց եմ ներշնչվում, չեմ կարող այս հարցին միանշանակ պատասխանել: Կփորձեմ այս կերպ նկարագրել. երբ ներսումս ինչ-որ բան է հասունանում, փորձում եմ այն արտահայտել նկարի, քանդակի միջոցով՝ նախ ինքս ինձ համար, ինչը հետագայում դուր է գալիս նաև ուրիշներին: Մենք՝ արտիստներս, փոխանցում, նոր շունչ ենք հաղորդում այն ամենին, ինչը մեր ներսում է, որի լավագույն թարգմանը միմիայն մեր աշխատանքներն են:
Գիտեք, նաև մի զարմանալի բան եմ նկատել: Ես երբեք չեմ ջանում հայկական շունչ հաղորդել իմ աշխատանքներին: Այդ ամենն ակամա է լինում: Երբ ավարտելուց հետո նայում եմ իմ աշխատանքներին, նկատում եմ, թե որքան հայկական են ստացվել: Զարմանում եմ, որ առանց մտածելու՝ կարողացել եմ փոխանցել հայկական շունչը:
Այս առիթվ մի դեպք պատմեմ: Ժնևում կազմակերպվել էր իմ վերջին շրջանի աշխատանքների ցուցադրությունը: Երկար ժամանակ նայում էի պողպատից պատրաստված իմ մի աշխատանքին, որը «Ծիլ» է կոչվում: Ու հենց այդ պահին ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան նման է այն մեզ՝ հայերիս, նորից ծլարձակող, նորից կյանք առնող: Այդ աշխատանքը իր մեջ նաև շատ դրական մեսիջ է պարունակում:
Վահե Գաբրաշ. ով հավատում է, որ մարդիկ կարող են փոխել դեպքերի ընթացքը.
-Պիերի այդ աշխատանքի մասին մի բան եմ ուզում պատմել: Հունիսին Հայաստանում դիտեցինք «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու-ներկայացումը, որը պատմում էր հայ ժողովրդի պատմական ճամփորդության մասին, որ չնայած կորուստներին ու փորձություններին՝ հայ մարդը շարունակում է ապրել: Նույն զգացողությունն ես ունենում, երբ նայում ես Պիերի «Ծիլ» կոչվող աշխատանքը:
Խոսելով իմ մասին նշեմ, որ ես նույնպես ծնվել եմ Բեյրութում, արմատներս սերում են Տրապիզոնից: Ընտանիքս 1957 թվականին Բեյրութից Շվեյցարիա է տեղափոխվել, որտեղ ես, եղբայրս և քույրիկս սկսեցինք դպրոց հաճախել: Առ այսօր ապրում եմ Շվեյցարիայում:
Գիտեք, ամեն ինչ իր պահն ունի, ժամանակը: Կարող է զարմանալի թվալ, բայց «հայությունը» մեջս մի փոքր ուշ է արթնացել: Օտար միջավայր, երկիր, այն դպրոցում որտեղ սովորում էի, հիմնականում շվեյցարացիներ էին և այդչափ հայ ընկերներ չունեի: Եվ հանկարծ, մի օր ինձ զանգահարում է մի երիտասարդ և ասում, որ ցանկանում է ինձ մի երեկոյի հրավիրել, որտեղ պետք է խորոված պատրասեն: Համաձայնեցի:
Այդ օրը կհիշեմ ընդմիշտ, նաև այն պատճառով, որ մի զավեշտալի դեպք պատահեց ինձ հետ: Բայց նաև հենց այդ օրը բեկումնային դարձավ իմ կյանքում, վարակվեցի հայկականությամբ ու առ այսօր հայկական հարցերով եմ զբաղվում:
25 տարի Շվեյցարահայ միության նախագահն եմ եղել: Այսօր թողել եմ այդ աշխատանքը, որպեսզի երիտասարդներին ճանապարհ տանք: Այժմ չորս հիմնադրամների աշխատանքներով եմ զբաղվում, որոնցից երեքը ինքս եմ ղեկավարում՝ նախագահն եմ:
Իսկ արդեն 2016 թվականի նոյեմբերից, երբ արդեն անձնական գործերի բերումով ավելի շատ ազատ ժամանակ ունեմ, սկսել եմ ավելի հաճախ Հայաստան գալ, տեսնել, թե ինչով կարող եմ զբաղվել, օգտակար լինել իմ հայրենիքին, իմ ներդրումն ունենալ:
Գինեգործությամբ եմ հետաքրքրվում, որովհետև գինի շատ եմ սիրում: Մի խենթ տղա կա, Վահե Քեուշգուերյան անունով՝ «Սեմինա Քընսալթինգ» գինեգործական-խորհրդատվական կազմակերպության հիմնադիր տնօրենը, ով պետք է պատմության մեջ մտնի իր կատարած աշխատանքի շնորհիվ:
6-7 տարի առաջ երբ գալիս էինք Հայաստան և ցանկանում լավ գինի ճաշակել, դժվարությամբ էինք գտնում: Հիմա կարող ենք Հայաստան բերել մեր շվեյցարացի, ֆրանսիացի, իտալացի ընկերներին, որոնք հաճույքով կարող են ճաշակել մեր ամենալավ գինիները՝ ի պատիվ նաև Վահեի:
Միշտ էլ պետք են մարդիկ, որոնք կարող են փոխել դեպքերի ընթացքը: Շվեյցարիան աշխարհին հայտնի է որպես ժամացույցների երկիր, բայց 1970-ից հետո ժամագործությունն այդ երկրում անկում էր ապրում, հայտնվել էին մրցակիցներ: Սակայն ընդամենը մեկ մարդ՝ Նիկոլաս Հայեկ անունով, կարողացավ ամեն բան փոխել: Ստեղծեց «Swatch» ընկերությունը, որը սկսեց արտադրել ժամացույց, որը շատ թանկ չէր, բայց աշխատում էր շատ ճիշտ ու լավ: Իր այդ քայլով Նիկոլաս Հայեկը նոր էջ բացեց ժամացույցների պատմության մեջ: Նախկինում, եթե շվեյցարական ժամացույցները շատ թանկ արժեին և ամեն մարդ չէր կարող իրեն նման շքեղություն թույլ տալ, այսօր կարելի է գնել տարբեր գնի որակյալ շվեյցարական ժամացույց՝ ի պատիվ նաև Նիկոլաս Հայեկի առաջադեմ մտածողության:
Գինեգործության ոլորտում նման մարդ է ինձ համար Վահե Քեուշգուերյանը: Նրա հետ մի քանի անգամ հանդիպել եմ ու տեսել, թե ինչպիսի գործ է կատարում Հայաստանում:
Ինչպես ասացի, սկսել եմ Հայաստան հաճախ գալ: Կինս, ով հայ չէ, նույնպես սիրում է Հայաստանը, իսկ ես ցանկանում եմ, որ ավելի շատ սիրի: Աղջիկ ունեմ, ով երկու անգամ Հայաստան է այցելել: Հուսով եմ, որ սեպտեմբերին ընտանիքիս և Պիեռի հետ այստեղ կլինենք:
Խոսելով հիմնադրամների ծավալած գործունեության մասին՝ նշեմ, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամը հոգում է Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու և հայկական կենտրոնի բոլոր կարիքները:
«Ֆոնդասիոն Արմենիա»-ն օժանդակություններ է կատարում Հայաստանում:
«Ալիանս Արմենի» հիմնադրամն օգնում է Գյումրի քաղաքին: Պողսոսյան հիմնադրամի հետ միասին բավականին աշխատանք ենք կատարել Գյումրիում՝ օգնելով հատկապես քույր Արուսյակ Սաճոնյանին:
«Ֆիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնում հայաստանցի ուսանողներին:
Հիմա, երբ ավելի շատ ազատ ժամանակ ունեմ, ցանկություն ունեմ օգտակար լինել Հայաստանին, օգնել երիտասարդներին, չէ՞ որ շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք շատ լավ գաղափարներ են հղանում:
Շատ առաջադեմ երիտասարդներ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Վերջերս հանդիպեցի մի երիտասարդի, ով հետաքրքիր նորարարություն էր ստեղծել էլեկտրոնային փոստի ոլորտում: Շվեյցարիան բանկային երկիր է, և հնարավոր է, որ ՏՏ ոլորտի նորարարությունները կկարողանան օգտակար լինել այնտեղ:
Հայաստանում գտնվելու օրերին նաև մի կահույքի ֆաբրիկա էինք այցելել: Պիերի հետ կարող ենք նաև այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, հիմնականում՝ դիզայներական:
Լեցուն բան կա անելիք Հայաստանում, և ամենևին կարիք չկա Չինաստան գնալ և այնտեղ գործ հիմնել:
Լուսինե Աբրահամյան
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»