Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Խաղողօրհնեքն ու Մուսա լեռան հերոսամարտի օրը

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Կիլիկիայի Վագըֆում Ստամբուլից եւ աշխարհի տարբեր վայրերից եկած հայերը մեծ շուքով նշել են Աստվածամոր վերափոխման տոնը։
Ինչպես Կիլիկիայի Վագըֆից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մուսա լեռան փեշերին գտնվող հայաբնակ Վագըֆում Աստվածամոր վերափոխման տոնի նախորդ երեկոյից հավաքված հայերը սկսել են միջոցառումները ավանդական երգ ու պարով։
Արդեն օգոստոսի 14-ին, Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Ավետիս Թաբաշյանի առաջնորդությամբ իրականացվել է պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել Խաղողօրհնեք։ Այնուհետ Տեր Ավետիս Թաբաշյանը մոտեցել է արդեն պատրաստված հարիսաներով մեծ կաթսաներին եւ աղոթել խաղաղության համար։
Հավաքված հայերը համտեսել են ավանդական հարիսան, շփվել միմյանց հետ եւ հրաժեշտ են տվել՝ հաջորդ տարի նույն վայրում հավաքվելու մտադրությամբ։