«Արի տուն»-ը Հայրենիքին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է». Արտյոմ Զաքունց
Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը, որի մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր-ի թղթակիցը: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Օդեսայից ծրագրին մասնակցող 17-ամյա Արտյոմ Զաքունցի հետ արված հարցազրույցը:
-Արտյո՛մ, այս ծրագրի մասին որտեղի՞ց ես լսել:
-Մեր հայկական դպրոցում եմ լսել և մեծ ցանկություն ունեի մասնակցել ծրագրին. ինձ հետաքրքրում էր ծրագրի բովանդակությունը, որովհետև վերնագիրը շատ հետաքրքիր ու ջերմ է:
-Նախկինում եղե՞լ ես Հայաստանում:
– Ծնողներս հայաստանցի են, ազգականներ ունենք այստեղ, ծանոթներ: Վերջին անգամ երեք տարի առաջ եմ եկել Հայրենիք: Այդ տարի ես եղել եմ Հայաստանի տեսարժան շատ վայրերում, «Արի տուն» ծրագրի շրջանակներում ևս պետք է այցելենք պատմամշակութային հուշարձաններ: Այս հայրենաճանաչողական ծրագիրը Սփյուռքում ապրող հայ պատանիների ու աղջիկների համար Հայրենիքին ծանոթացնելու հրաշալի հնարավորություն է:
-Արտյո՛մ, ո՞րն է Ձեր ընտանիքում իշխող լեզուն:
-Մեր ընտանիքում իշխող լեզուն հայերենն է, սակայն խոսում ենք նաև ռուսերեն, այսինքն՝ տվյալ պահին անհրաժեշտ լեզվով: Ես այդքան էլ լավ չեմ տիրապետում հայերենին, սակայն հասկանում եմ, խոսում, պարզապես պետք է կատարելագործեմ հայերենս: Չարենցի անվան դպրոցում հայերենի դասընթացների պետք է մասնակցենք, որի համար շատ ուրախ եմ:
-Ո՞րն է քո երազանքը
-Դառնալ թարգմանիչ: Եթե հայերենին սկսեմ լավ տիրապետել, կգամ՝ բարձրագույն կրթություն ստանալու Հայաստանում. հիմա դժվարանում եմ:
-Քեզ համար շատ շո՞գ է Երևանում:
-Շա՜տ, սակայն ես սովոր եմ, որովհետև Օդեսայում նույնպես շոգ է, միայն մի տարբերությամբ՝ այնտեղ ծով կա: Որախ եմ և անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է Սևանա լիճ գնանք:
…Դեռևս անհիշելի ժամանակներում Ծովից ծով կոչված Հայաստան աշխարհի համար, շատ դարեր անց, այսօր մի գետը, գետակը, մի լիճն արդենիսկ հարստություն է, և հայաստանցիների ու աշխարհի տարբեր երկրներում ապրող սփյուռքահայերի հոգում կորսված ծովերի հանդեպ կարծես սերնդեսերունդ փոխանցված մի չմարող կարոտախտ կա, որի սփոփանքը կապուտաչյա գեղուհին՝ Սևանն է:
Կարինե Ավագյան