Մահացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մայրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/08/մոմ1.jpg)
Օգոստոսի 10-ին մահացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մայրը՝ Թերեզա Հեքիմի Օհանյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ցավակցում են նախարար Հրանուշ Հակոբյանին և նրա բոլոր հարազատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ և իրենց զորակցությունը հայտնում այս ծանր պահին:
Թերեզա Օհանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը՝ 18:00-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին, ժամը՝ 13:00-ին, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
ՀՀ սփյուռքի նախարարություն
***
Թերեզա Հեքիմի Օհանյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին, Նոր Բայազետի շրջանի Սարուխան գյուղում, ծառայողի ընտանիքում:
Սարուխանի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո 1945 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
Բուհն ավարտել է գերազանց գնահատականներով և 1949 թվականին նշանակվել է աշխատանքի Նոր Բայազետի շրջանի Բատիկյան (այժմ` Գանձակ) գյուղի յոթնամյա դպրոցում` որպես պատմության ուսուցչուհի:
Երկու տարվա մանկավարժական գործունեությունից հետո նշանակվել է Լանջաղբյուր գյուղի ութամյա դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել 1951 թվականից մինչև 1966 թվականը:
Թերեզա Օհանյանի գլխավորությամբ դպրոցը դարձել է իր ժամանակի առաջավոր ուսումնական հաստատություններից մեկը, որն ուներ համերաշխ և նվիրյալ մանկավարժական կոլեկտիվ:
Հաշվի առնելով Թերեզա Օհանյանի մարդկային, մասնագիտական, կազմակերպական բարձր որակները՝ 1966 թվականին նրան վստահել են Կամո (ապա՝ Գավառ) քաղաքի Հացառատ թաղամասի նոր հիմնադրված հեռակա միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, և այդ պաշտոնում նա աշխատել է շուրջ 22 տարի:
Որպես բարեխիղճ աշխատանքի գնահատական՝ նա պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, Լենինի հոբելյանական մեդալով:
Թերեզա Օհանյանի և նրա ամուսնու՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ Հրանտ Հակոբյանի ողջ գիտակցական կյանքը սերունդների կրթության ու դաստիարակության գործին սիրով և նվիրումով ծառայելու փայլուն օրինակ է:
Նա դաստիարակել է չորս զավակ, ունի ութ թոռ և տասնհինգ ծոռ:
Նրա հիշատակը միշտ պայծառ կմնա իր աշակերտների, հարազատների և ճանաչողների սրտերում: