Մեկնարկում է Հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիրը

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է Հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիրը: Պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը հիմնադրամի թիմին է տրամադրել Հայոց արքաների դիմապատկերների լուսանկարները, որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշները, հետագայում էլ կսկսվի արտադրությունը:
Հուշանվերների դիզայնը մշակելիս պահանջ է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դետալներ: Գաղափարին հավանություն է տվել վարչապետը: Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում Հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան:
Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը եւ վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաեւ արտադրանքի առաջմղման հարցում:
«Բիզնես նախագծից բացի, Հայոց արքաների խորհրդանիշերի թեմատիկայով հուշանվերների արտադրության ծրագիրը նաեւ մեր պետականության, արքաների նվաճումները հանրայնացնելու, քարոզելու գաղափար է կրում»․- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: