Մեզ հետ չէ Մանուկ Մկրտչյանը
Նիդերլանդների հայ համայնքը ծանր կորուստ կրեց: Այս անգամ մահվան գույժը՝ Ալմելոյից էր:
Գիտեինք, որ Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը պայքարում է ծանր հիվանդության դեմ, բայց ապաքինման հույս՝ փայփայում էինք: Հրաշքը սակայն տեղի չունեցավ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու կայքը գուժում է. « Այսօր կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչ, Ալմելո քաղաքի հայկական դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը… »
Լուրն անսպասելի է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, ճանաչում են Մանուկ Մկրտչյանին:
Նրան շատերն էին սիրում՝ ոչ միայն որպես հմուտ և խելացի մանկավարժի, նաև՝ լավագույն ընկերոջ ու բարեկամի: Նա սիրով ու մեծ նվիրումով էր իր գիտելիքներն ու փորձը փոխանցում դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ու իր սաներին: Ալմելոյի Սուրբ «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու և «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի հիմնադրումից մի քանի տարի անց՝ 2008 թվականին, եկեղեցու վարչության առաջարկով՝ մինչ այդ՝ որպես ուսուցիչ աշխատած Մանուկ Մկրտչյանը նշանակվում է Ալմելոյի ամենամեծ հայ համայնքն ունեցող (մոտ 6-7 հազար) կիրակնօրյա դպրոցի տնօրեն: Այդ ընթացքում Մանուկ Մկրտչյանին հաջողվում է կրթական նոր մակարդակի հասցնել դասավանդումը, կտրուկ ավելանում է սաների թիվը: Տարեց-տարի 100-ից ավելի սաների հասու է եղել հայոց լեզու (արևելահայերեն և արևմտահայերեն), հայ ժողովրդի պատմություն առարկաները, հմտացել են պարի, նկարչության, ասմունքի և այլ ասպարեզներում: Մանուկ Մկրտչյանի տնօրինությամբ դպրոցը սերտորեն համագործակցել է Նիդերլանդներում գործող այլ դպրոցների հետ, ընդգրկված է մեկօրյա դպրոցների հարթակի կազմում: Մանուկ Մկրտչյանի ջանքերով հիմնվել էր «Զանգակ» թերթը, որտեղ սաներից զատ հոդվածներ են գրել մանկավարժները:
Մանուկ Մկրտչյանը, ով կրթությամբ բանասեր էր և ուներ 28 տարիներից ավելի մանկավարժական ստաժ, աշխատել է նաև հոլանդական կրթական համակարգում, մաթեմատիկա և համաշխարհային պատմություն էր դասավանդել հոլանդական դպրոցում: Նա մեծ նվիրումով էր հոլանդացիներին մատուցում հայ ժողովրդի պատմությանը:
Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդների ակտիվ հայ անդամներից էր: Նա «Նիդերլանդական օրագրի» ակտիվ թղթակիցն էր և համայնքային կյանքի մասին հոդվածներ էր գրում մեր էջերում (նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականում, «Օրեր» եվրոպական ամսագրում): Հաճախ լինում էր Մայր հայրենիքում:
Մանուկ Մկրտչյանը արժանացել է Նիդերլանդների կրթական համակարգի և ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ պատվոգրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց», «Մայրենիի դեսպան» մեդալներով, Համահայկական մրցանակաբաշխությունում իր ղեկավարած դպրոցը ճանաչվել է որպես լավագույն կրթօջախ:
Դժվար է համակերպվել անդառնալի կորստին, սակայն իրավամբ՝ կորստից ավելի ուժեղ հիշողությունն է, որը մնայուն է։
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու պայծառ ու ջերմ հիշատակը միշտ վառ կմնան բոլոր նրան ճանաչողների սրտերում:
Ինչպես նշում է Ալմելոյի եկեղեցու կայք-էջը’ Մանուկ Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 28-ին, ժամը՝ 13։00-ին, որից հետո հնարավորություն կտրվի ցավակցել ընտանիքին և հարազատներին եկեղեցուն կից սրահում։
Կիսելով այս ծանր վիշտը’ ցավակցություն ենք հայտնում Մանուկ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, աշխատանքային կոլեկտիվին:
«Նիդերլանդական օրագիր»