Տաղանդավոր ղազախուհին՝ Առնո Բաբաջանյանի մրցույթի հաղթող

Հեռավոր Ղազախստանից ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված երաժիշտ-կատարող Ջանիս Շաուկեմբաևայի հետ առիթ ունեցա հարցազրույց ունենալ «Հայերն այսօր»–ի համար և հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ նա Ակտյուբինսկի մարզում Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված դաշնամուրային գործերի կյատարման մրցույթում փայլուն կերպով ներկայացրել է մեր աշխարհաճանաչ հայրենակցի ստեղծագործությունը՝ արժանանալով հանդիսատեսների բուռն ծափահարություններին ու հանձնախմբի բարձր գնահատականին: Այդ առիթով Ջանիսին Հայաստան գալու երկշաբաթյա զբոսաշրջային ուղեգիր են նվիրել: Գեղեցկուհի Ջանիսի լուսավոր ու պայծառ դեմքը, ծնկներից ներքև հասնող երկար ու ծանր հյուսքը, նրբագեղ ու բարձր հասակը, իմ հարցերին տված հակիրճ ու շատ խելոք պատասխաններն այդ 18-ամյա, սակայն արդենիսկ կայացման ճանապարհին ոտք դրած երիտասարդ երաժիշտ-կատարողի ինքնագնահատականի մասին էին խոսում:

-Ջանի՛ս, բարի գալուստ Հայաստան, պատմեք, խնդրեմ մրցույթի, Ձեր մասնակցության մասին:

– Ես սովորում եմ երաժշտական քոլեջի 3-րդ կուրսում, արդեն փոխադրվել եմ 4-րդ կուրս: Ավարտելուց հետո պատրաստվում եմ ընդունվել Կոնսերվատորիա: Ակտյուբինսկի մարզում հայտարարվել էր հայտնի հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին նվիրված մանկապատանեկան մրցույթ, որին մասնակցում էին 13-ից 18 տարեկանները: Մասնակիցները երկու գործ պետք է կատարեին՝ մեկն անպայման Առնո Բաբաջանյանի գործերից, մյուսը՝ ջազային ստեղծագործություն՝ սեփական ցանկությամբ: Ես սկզբում նվագեցի նրա գործերի հիման վրա իմ սարքած պոպուրին: Կարծում եմ՝ արժանի ձևով կատարեցի այդ գործերը: Բաբաջանյանի դաշնամուրային գործերի լավագույն կատարողների համար սահմանված էին այսպիսի մրցանակներ՝ ազգությամբ հայերին տրվում էր «Արի տուն» ծրագրին մասնակցելու հնարավորություն, իսկ մեզ՝ Հայաստանում երկշաբաթյա տուրիստական ուղևորության ուղեգիր: Մեծ երգահանի 95-ամյակին նվիրված մրցույթից հետո որոշվեց այն ամենամյա դարձնել:

-Սիրու՞մ ես Բաբաջանյանի ստեղծագործությունները, թե՞ պարզապես կատարեցիք այդ գործը՝ մրցույթին մասնակցելու համար. հայ կոմպոզիտորներից էլ ու՞մ գործերն ես սիրում:

-Անշու՛շտ, սիրում եմ: Բաբաջանյանից իմ ամենասիրած գործր «Նոկտյուրն»-ն է: Շատ եմ սիրում նաև Արամ Խաչատրյանի գործերը, որոնք կատարել եմ ինձ համար, սակայն այդ գործերով դեռևս բեմ չեմ բարձրացել: Սիրով ու ամենայն պատասխանատվությամբ եմ կատարում իմ սիրելի կոմպոզիտորների գործերը:

-Առաջի՞ն անգամ ես մասնակցել մրցույթի:

-Ո՛չ, սա առաջին մրցույթը չէ. ես բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, Լոս Անջելեսում եմ մասնակցել փառատոնի:

-Արդեն երեք օր է, ինչ այստեղ եք. Հայաստանի տեսարժան վայրերից որտե՞ղ եք եղել:

-Մատենադարանում ենք եղել, Կասկադն ենք տեսել, այսօր գնալու ենք Գառնի և Գեղարդ:

-Ջանի՛ս, Հայաստանի մասին ի՞նչ գիտեիր՝ մինչ այստեղ գալը:

-Ես Ղազախստանում հայ ընկերներ ունեմ, գիտեմ Հայաստանի պատմությունը, լսել էի Արարատի, Սևանի, հայկական խաղողի ու նռան մասին:

-Հավանու՞մ ես Երևանը. Ակտյուբինսկն է՞ ավելի գեղեցիկ, թե՞Երևանը…

-Երևանը շատ ավելի գեղեցիկ է (այստեղ Ջանիսին ուղեկցող մայրը միջամտում է՝ ասելով՝ Երևանը շքե՜ղ է): Մարդիկ բարեհամբույր են, ջերմ, անմիջական:

Հրաժեշտ եմ տալիս տաղանդավոր ու բարետես ղազախուհուն՝ Ջանիսին ու նրա մայրիկին՝ Սաուլե Շաուկեմբաևային, ով, մասնակիցը դառնալով մեր զրույցի, շեշտում է իր աղջկա՝ դեռևս մանկուց բոլորին զարմանք ու հիացմունք պատճառած բացարձակ լսողության մասին, իսկ Ջանիսը, մայրիկի գովեստից կարմրելով, փորձում է շեղել մեզ իրեն առնչվող թեմայից: Հրաժեշտից առաջ Ջանիսն արտաբերում է իր սովորած հայերեն մի քանի բառերն ու արտահայտությունները՝ Բարև Ձեզ, իմ անունն է Ջանիս, շնորհակալությո՛ւն, սիրում եմ Հայաստանը…Այս լուսավոր ու շատ դրական  նոտաներով էլ ավարտվում է մեր զրույցը:

Կարինե Ավագյան

Scroll Up