«Ես լիովին վերապատրաստված ու գիտելիքների նոր «ավարով» եմ վերադառնում Շվեդիա». Հռիփսիմե Խաչատրյան
ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցներից շվեդաբնակ ուսուցչուհի Հռիփսիմե Խաչատրյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
-Ես եկել եմ Շվեդիայից, աշխատում եմ պարոն Էքիզյանի հետ նույն՝ Լերնիայի դպրոցում. հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում, զուգահեռաբար՝ նաև պատմություն:
-Հայոց եկեղեցու պատմությու՞ն…
-Շատ կարևոր հարց տվեցիք. ցավոք, այդ առարկան չեմ դասավանդում:
-Որտե՞ղ եք ստացել բարձրագույն կրթություն, ի՞նչ մասնագիտացմամբ:
-Ես ավարտել եմ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, բայց դասավանդում եմ հայերեն, զուգահեռաբար ներկայացումներ եմ պատրաստում մեր նշանավոր գրողների գործերի հիման վրա: Դա ևս մեկ միջոց է՝ երեխաներին ավելի մատչելի ու հետաքրքիր ձևով սովորեցնելու տվյալ գրողի գործը, դրանով ճանաչել տալով հայ գրականության մեծերին: Միաժամանակ երեխաներին սովորեցնում եմ թատերարվեստ:
-Հայերեն սովորող երխաների թիվը մե՞ծ է:
-Ինձ մոտ սովորում է 5 երեխա. առաջ ավելի մեծ էր սովորողների թիվը: Սերնդափոխություն է ընթանում, ավարտում են ու գնում, հիմա փոքրերի բաժնում սովորողներն ավելի շատ են, կմեծանան, կգան իմ խումբ:
-Սիրո՞վ են հաճախում հայոց լեզվի պարապմունքներին:
-Մեծ մասը սիրով է հաճախում, կան նաև խնդրահարույց երեխաներ, ովքեր, լեզվի հետ կապված, ապագա չեն տեսնում: Մենք չենք ստիպում, չենք պարտադրում, նրբորեն ենք մոտենում հարցին: Շատ կարևոր է ընտանիքի մոտեցումն այս հարցին. եթե ընտանիքը հայախոս է, երեխայից անմիջապես հասկացվում է, եթե ընտանիքը շվեդախոս է, լեզուն կորչում է: Շվեդիան մի երկիր է, որտեղ ընտանիքն ուժ չունի երեխայի վրա:
-Ի՞նչ տվեցին Ձեզ «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները:
-Շատ բան սովորեցրին լեզվի մատուցման ձևերի առումով. ինձ համար շատ հետաքրքիր էր Բեյրութից եկած Հակոբ Հակոբյանի (Յակոբեանի) դասերը, որոնք սովորեցնում են քննադատական, վերլուծական մտածողություն, ինչպես անել, որ երախան իրեն հետաքրքրող հարցերով համարձակորեն դիմի ուսուցչին, շատ հավանեցի Արմինե Աշիկյանի լեզվի մատուցման ձևերը, դպրոցական ուսուցման մեթոդները, Արևիկ Ղազարյանի կառավարման մեթոդների ուսուցման դասերը: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանն ու դասավանդող բոլոր դասախոսներին, մասնագետներին. ես նոր գիտելիքների հարուստ ավարով եմ մեկնում Շվեդիա:
-Տիկի՛ն Խաչատրյան, Դուք դերասանի մասնագիտացմամբ ավարտել եք Երևանի լավագույն բուհերից մեկը. հասցրե՞լ եք աշխատել Ձեր մասնագիտությամբ, եղե՞լ եք բեմի վրա…
-Իհարկե՛, ես մոտ 20 տարի աշխատել եմ Փոսի թատրոն անունով հայտնի Երևանի փորձարարական թատրոնում՝ իմ սիրելի Հրաչիկ Ղազարյանի ղեկավարությամբ, որից հետո մի քանի տարի աշխատել եմ Արմեն Մազմանյանի մոտ. հրաշալի ղեկավարներ եմ ունեցել: Շվեդերեն լեզվով դերեր եմ խաղացել նաև երեք ֆիլմերում, որոնցից մեկը Նյու Յորքում արժանացել է առաջին մրցանակի, մյուս ֆիլմը մրցանակ է շահել Կաննի փառատոնում:
-Դե ինչ, տիկի՛ն Խաչատրյան, շնորհակալություն հարցազրույցի համար, հուսամ, որ այս դասընթացներից ունեցած ձեռքբերումները գործնական կիրառում կունենան Ձեր վարած դասերի ընթացքում:
Կարինե Ավագյան