«Ինտերպոլ»-ը մերժել է Արցախ այցելած չեխ պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի դիմումը

«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը:
Այս մասին Արմենպրեսի փոխանցմամբ՝ հայտնում է չեխական radio.cz լրատվական կայքը:
Ադրբեջանի կողմից այդպիսի դիմում ներկայացնելու պատճառ հանդիսացել է փետրվարին Շտետինայի այցը Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները:
Չեխական կողմն էլ այս առիթով հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմիր Շտետինային (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Շտետինայի վերաբերյալ դիմումի մերժումը ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակի» ձախողումն է: