«Սփյուռք» ամառային դպրոց. «Ազգային երգ ու պար» դասընթացի մասնակիցների շրջայցը երևանյան թանգարաններում
Հուլիսի 6-ին «Ազգային երգ ու պար» դասընթացի մասնակիցների օրն առավել քան հագեցած էր, այն սկսվեց հայակական ժողովրդական երգի ուսուցմամբ: Դասն իր հետաքրքիր շարունակությունն ունեցավ Կոմիտասի անվան թանգարանում, որտեղ մասնակիցներին միացան ԵՊՀ երգչախմբի սաները: Նրանք միասին կատարեցին կոմիտասյան մշակմամբ երգեր: Կոմիտասի անվան թանգարանի հետազոտությունների բաժնի ղեկավար, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը մանրամասն բացատրեց Կոմիտասի ֆենոմենը հայ և համաշխահային մշակույթում, իսկ կյանքին ու գործունեությանը ծանոթացան թանգարանային էքսկուրսիայի ընթացքում:
Կոմիտասի անվան պանթեոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը անցկացրեց ճանաչողական դասընթաց: «Մեծանուն հայերի մասին լսել, կարդալ նրանց գրվածքները ու վերջապես լինել Պանթեոնում շատ հուզիչ է, ես ուզում եմ ամեն ինչ տեսնել, անվերջ լսել նրանց մասին պատմություններ»,-տպավորություններով կիսվում է Եկատիրինբուրգից ժամանած Կարապետ Նալբանդյանը:
Օրվա ավարտին մասնակիցները այցելեցին նաև Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարան, որտեղ պահվում են տարիների ընթացքում հավաքված դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի անկրկնելի նմուշներ: Մեծ էր հատկապես աղջիկների ոգևորությունը. շատերը որոշեցին ասեղնագործել սովորել:
Նյութի հեղինակ՝ ՍԱԴ կամավոր Աիդա Կիրակոսյան