Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

Հուլիսի 5-ին Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի ԱԳՆ Մանուել Բելգրանո դահլիճում, նշվեց Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին մոտ 300 հյուրեր, որոնց թվում էին Արգենտինայի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Գուստավո Սլաուվինենը, ով, շնորհավորելով երկու պետություններին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հաստատեց Արգենտինայի կողմից բարեկամական կապերի ամրապնդման և հաստատուն զարգացմանն ուղղված շարունակական ջանքեր գործադրելու հանձնառությունը:

Գուստավո Սլաուվինենը առանձնահատուկ նշեց նաև մեկ դարից ավել Արգենտինայում բնակություն հաստատած հայ համայնքի նշանակալի ներդրումը երկրի տնտեսական և մյուս ոլորտների զարգացման գործում:

Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ելույթ ունենալով միջոցառմանը, անդրադարձավ հայոց պետականության կայացման գործընթացին, հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամությանը:

Հակիրճ ամփոփելով 25 տարիների ընթացքում երկու պետությունների միջև հարաբերությունների ընթացքը՝ դեսպան Մկրտումյանը ներկայացրեց հետագա փոխշահավետ համագործակցության հնարավոր ոլորտները՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլ ոլորտները, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, կարող է դարպաս հանդիսանալ
Արգենտինայի համար՝ մուտք գործելու ավելի քան 180 միլիոն սպառողների շուկա:

Միջոցառմանը հայ համայնքի անունից ելույթ ունեցավ Լեոն Կարլոս Արսլանյանը, ով մանրամասն ներկայացրեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պատմական ընթացքը:

Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինացի անվանի բանդոնեոնահար Ռոդոլֆո Մեդեյրոսը և ջութակահար Ռաֆայել Ջինտոլին, հայ երգչուհիներ Ալլա Ավետիսյանը, Վալերիա Չերեքյանը, ինչպես նաև «Գայանե» պարախումբը, որից հետո ցուցադրվեց Արգենտինայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և արգենտինահայ համայնքին նվիրված կարճամետրաժ ֆիլմ:

Միջոցառմանը հաջորդեց ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրություն:

Scroll Up