Իրանը հայ 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ իրենց երկրում սովորելու համար

Իրանը հայաստանցի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ է տրամադրել՝ բնական գիտությունների ուղղությամբ Իրանում աշխատելու և սովորելու համար:

Այս մասին այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում հայտնեց ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին՝ երկու երկրների կրթության նախարարների միջև փոխմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

«Այս հուշագրի ստորագրումով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից նաև փորձի փոխանակում կիրականացնենք։ Կհատկացնենք կրթաթոշակներ կարճաժամկետ և երկարաժակետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոապարկերը»,- Արնշեց Մոհամմադ Ֆարհադին։

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծեց՝ մեր դռները և հնարավորությունները ևս բաց են իրանցի ուսանողների ու դասախոսների համար. «Նման բազմաոլորտ պատվիրակության այցը կնպաստի մեր երկրների համագործակցությանը գիտության ոլորտում։ Տպավորիչ է գիտության բնագավառում Իրանի ունեցած արդյունքները, մի շարք ուղղություններով այն համաշխարհային առաջատարներից է։ Մենք ունենք համագործակցության շատ մեծ դաշտ»։

Հուշագրով կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը։

Մասնավորապես կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝  ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ, ճարտարագիտություն, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ։

Կստեղծվի նաև գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե։

Scroll Up