«Լրագրությունն ինձ համար մեծ առաքելություն է». Սարգիս Նաջարյան

ՀՀ  սփյուռքի նախարարությունում պարբերաբար հյուրընկալվում են Սփյուռքում ապրող մեր շատ հայրենակիցներ, որոնց հայանպաստ  աշխատանքներն  ըստ արժանվույն են գնահատվում են Հայրենիքում: Նրանցից մեկն էլ լիբանանահայ լրագրող, մամուլի ազնիվ  ու տքնաջան մշակ Սարգիս Նաջարյանն  է, ով  իր տիկնոջ՝ բարագործ  Զվարթ  Նաջարյանի    հետ, վերջերս հյուրընկալվել էր Սփյուռքի նախարարությունում: Լիբանանահայ  Սարգիս և Զվարթ Նաջարյանները ճանաչված անուններ են լիբանանահայ գաղթօջախում, մասնավորապես՝ հայ կաթողիկե համայնքում: Սարգիս Նաջարյանը երկար տասնամյակներ մաս է կազմել ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթի՝ «Արարատ»-ի և հայ կաթողիկե պատրիարքարանի «Մասիս» պարբերաթերթի խմբագրություններին (ճգնաժամային պահերին միայնակ խմբագրել է «Արարատը»), այդ և այլ սփյուռքահայ պարբերականներում հանդես է եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով: Երկար տարիներ նա ղեկավարել է Հայ կրթական բարեսիրական միությունը, որին պատկանում  է Լիբանանի մայրաքաղաքի Սին էլ Ֆիլ արվարձանում ՍահակյանԼևոն Մկրտիչյան քոլեջը և Բեյրութի Նոր Հաճըն թաղամասի Ս. Գևորգ եկեղեցու հարևանությամբ բուժարանը: Մեր հայրենակիցը նաև գործուն մասնակցություն է ունեցել և շարունակում է իր գործունեությունը Հայ կաթողիկե պատրիարքության զանազան մարմիններում: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին` 1980-ականներին, նա գլխավորել է Հայ մարմնամարզական միության վարչությունը՝ նախաձեռնելով ֆալանգիստ ծայրահեղականների ականահարած ՀՄՄի Բեյրութի ակումբի վերականգնման աշխատանքները: Անբասիր ու ժրաջան գործունեության համար Ս. Նաջարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում` Հռոմի ՀովհաննեսՊողոս Բ պապի և հայ կաթողիկե նախկին ու ներկա պատրիարքներից:  Սարգիս Նաջարյանի բարեսեր տիկինը՝ Զվարթ Նաջարյանը, երկար տարիներ եղել է Բեյրութի Զալքա արվարձանում հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցու կից գործող «Գևորգ Հարպոյան» վարժարանի տնօրինությունը: Վերջին տարիներին նա գլխավորում է կաթոլիկ եկեղեցու «Կարիտաս» բարեգործական կազմակերպության հայկական բաժանմունքը: Այսքանը՝  տեր և տիկին Նաջարյանների անցած ճանապարհներից, իսկ «Հայերն այսօր»-ի համար Սարգիս Նաջարյանի հետ ծավալած հարցազրույցիս ընթացքում ինձ համար ամբողջացավ  սփյուռքահայ վաստակաշատ լրագրողի, հասարակական-ազգային գործչի դիմանկարն՝ իր ծավալած բեղուն գործունեությամբ  և  լրագրողի մասնագիտության հանդեպ ունեցած  մեծ նվիրումով, անմնացորդ սիրով ու խոնարհումով: Այդ հարցազրույցը ներկայացնում ենք մեր  ընթերցողների ուշադրությանը:

-Պարո՛ն Նաջարյան, բարի գալուստ եմ մաղթում Հայրենիք. գիտեմ, որ այն Ձեզ համար  սովորական այցելության տարածք չէ, այլ՝ հարազատ տուն, որտեղ Դուք, հաստատապես, շատ անելիքներ ունեք: 

-Շատ համամիտ եմ. որպես լիբանանահայ և լիբանանցի լրագրող՝ առաջին անգամ 1969-ին եմ եկել Հայաստան և այդ տարիներից ի վեր, համարյա ամեն տարի եկել եմ Հայրենիք, իսկ վերջին՝ Անկախությանը հաջորդող երկու տասնյակ տարիներին, տարվա մեջ երկու անգամ ենք գալիս, որովհետև Հայաստանում տուն ունեցանք, բացի այդ՝ տիկինս՝ Զվարթ Նաջարյանը, երկար ժամանակ է, ինչ  ղեկավարում է  իր հիմնադրած «Հայկական կարիտաս» կազմակերպությունը, և նա ինձնից ավելի հաճախ է գալիս Հայաստան: Նա բարեսիրական գործունեություն է ծավալում, չնայած՝ մասնագիտությամբ  մանկավարժ է: Իսկ ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ լրագրությանը: Թերևս կզարմանաք, բայց ես հայկական ազգային վարժարան չեմ գնացել,  հաճախել եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, որը պատկանում է Հիսուսյան՝ շատ հայասեր միաբանությանը. ներկայիս Հռոմի պապը նույնպես այդ միաբանության անդամ է, Հիսուսյան  բոլոր միաբանները մեր Գողգոթային հետևող վարդապետներ են եղել և որտեղ մենք հաստատվել ենք, նրանք դպրոց , հանգստյան տուն են բացել: Ես ունեցել եմ ֆրանսիացի, ֆրանսախոս  ուսուցիչներ, ինչպես նաև՝ հայ ուսուցիչներ: Ուսուցումը հիմնականում տարվել է ֆրանսերենով: Մենք երևելի ուսուցիչներ ենք ունեցել, ինչպես՝ Հայ դատի մեծ պաշտպան դոկտոր Վազգեն Այգունին, Հայր Սահակ Քեշիշյանը, Հայր Հովհաննես Մսըրլյանը, ով Լիբանանում առաջին հայագիտական  ամբիոնը հաստատած վարդապետն է և էլի ուրիշներ:

-Ո՞վ և ի՞նչն է Ձեզ ուղղորդել լրագրության աշխարհ:

-Ես ստացել եմ նաև երաժշտական կրթություն, սակայն գնացի լրագրության ճանապարհով. հայերենի իմ առաջին ուսուցիչը հայրս՝ Միհրան-Սարգիս Նաջարյանն է, ով մասնագիտությամբ դեղագործ է եղել: Ես արմատներով տիգրանակերտցի եմ: Հայրս  տեղահանվածներից չէ, նա ուղղակի շատ վաղուց Դամասկոս  է գնացել՝ դեղագործություն ուսանելու: Իր փորձառական շրջանում, Հալեպում եղած ժամանակ, 1913-ին հրատարակել է «Աղբյուր»՝ Սիրիայի, Լիբանանի  առաջին հայատառ պարբերականը, որից հետո 1919-ին  տեղափոխվել է Լիբանան, որտեղ 1923-ին հրատարակել է «Ժպիտ» երգիծաթերթը, 1927-ից 1933թթ. Լիբանանում հայրս հրատարակել է նաև «Սահակ-Մեսրոպ» գրական-մշակութային  հասարակական ամսաթերթը, որի հավաքածուն ունեմ: Դժբախտաբար, նրա հրատարակած թերթերից ու ամսագրերից այսօր ոչ մեկը չի գործում:

-Պարո՛ն Նաջարյան, Դուք ինքներդ եղե՞լ եք որևէ թերթի հիմնադիր:

-Միակ ամսագիրը, որի հիմնադիրն եմ եղել, «Արարատ» մարզականն էր, որն այսօր չի գործում: 1957-ին ես հրավիրվեցի աշխատելու «Արարատ» թերթում՝ որպես լրագրող. հա՛յրս առաջնորդեց ինձ դեպի այդ թերթ: Այն Հնչակյան կուսակցության պաշտոնաթերթն էր, և, բնական էր, որ նա ինձ հենց այնտեղ առաջնորդեց՝ լինելով կուսակցական, սակայն միշտ ինձ ու եղբորս հոևդորելով, որ հանկարծ կուսակցական չդառնանք, և ես ՝ ոչ կուսակցականս, 44 տարի  խմբագրեցի այդ թերթը:  1965-ին  հրավիրվեցի՝ միաժամանակ խմբագիր աշխատելու Լիբանանի «Այգ» քաղաքական օրաթերթում: Լիբանանում չորս քաղաքական  օրաթերթ կար՝ «Այգ», «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք», «Մասիս». մինչ օրս գործում է «Մասիս»-ը, որն այժմ ամսաթերթ է, և ես  14 տարի խմբագրում եմ այն: «Այգ»-ը լիբանանցի ամենաերևելի լրագրող Տիգրան Թոսվատի սեփականությունն էր, նա գրում էր ֆրանսերեն, իսկ  նրա կինը՝ Լյուսի Թոսվատն, ով Սիրան Սեզայի հարազատ քույրն է, թերթի պատասխանատու խմբագիրն էր: 1965-ին, երբ հրավիրեցին իրենց մոտ աշխատելու, ես հաջորդեցի Եղիշե Մանուկյանին, նա լիբանանահայ լրագրող էր: 10 տարի էլ խմբագրեցի «Այգ»-ի՝ հատկապես քաղաքական բաժինը:

-Երկար տարիներ տարբեր թերթերում եք պաշտոնավարել, լրագրել. ո՞րն է հիմնականում  Ձեր դիտակետը:

 1957-ից ես լրագրության ասպարեզում եմ. նախընտրում եմ ընկերային–հասարակական դաշտը, որովհետև ես իմ անձնական համոզումներն ունենալով հանդերձ՝ չէի ուզում մտնել քաղաքական վեճերի մեջ: Վերջին տարիներին մենք այստեղ տուն ունենք, սակայն Հայաստանը դրսում՝ մեր տներում, մի՛շտ ենք ունեցել , Հայաստանը մեր հոգիներում է եղել, հայրենասիրությունն  ինձ համար  կենսակերպ է եղել: Իմ դիտակետը Հայրենիքս է եղել: Հայրս, ով նաև «Արարատ»-ի խմբագիրն էր, տեսողության հետ խնդիրներ ունենալու պատճառով, ի՛նձ էր գրել տալիս իր հոդվածները. ամեն մի հոդված ինձ համար հայրենասիրության մի դաս էր:  Իմ առաջին ուսուցիչն, ինչպես ասացի, հայրս է եղել, սակայն ես նաև ուրիշ մեծ ուսուցիչներ եմ ունեցել կյանքում՝ մեծ հայագետ, մատենագետ Հրաչ Քաջարենցը՝ Իտալիայից,  բացառիկ մտավորական Անդրանիկ Կռանյանը…

Պարո՛ն Նաջարյան, ասացեք խնդրեմ, ո՞րն է եղել  Ձեր լրագրողական երկարամյա  աշխատանքի ամենամեծ ձեռքբերումը:

-Իմ ձեռքբերումներն այն Մեծ հայերն են, ում հետ պատիվ եմ ունեցել հարցազրույցներ անել՝ Վիլյամ Սարոյան, Մարիտիրոս Սարյան, Արամ կաթողիկոս, Գարեգին կաթողիկոս…շատ են նրանք. 2010-ին իմ գիրքը լույս տեսավ՝ «Դեմառդեմ» խորագրով, որտեղ ճանաչված հայերի մի գեղեցիկ փունջ է տեղ գտել: Գրել եմ «Աղօթեցեք ինծի համար» վերնագրով գիրքը՝ Հռոմի պապ Ֆրանչիսկոս  Սրբազան Քահանայապետի ընտրության և ծննդյան 80-ամյակի առիթով: Առաջաբանը հեղինակել է Հայր Անդրանիկ Ծ. վրդ. Կռանյանը: Գրքում ամփոփված հոդվածների մեծ մասը լույս է տեսել Հայ կաթողիկե Պատրիարքության «Մասիս» պարբերաթերթում:

…Շատ դժվարին տարիներ եմ ունեցել, երկու պատերազմների միջով եմ  անցել, եղել են տնտեսական դժվարություններ՝ ջուր չկար, լույս չկար, տունս ռմբակոծվեց, քանդվեց…Եղել են օրեր, երբ խմբագրությունում եմ գիշերել՝ քաղցած, առանց սափրվելու, առանց քնելու, սակայն երբեք չեմ մտածել գործ չանելու մասին, ես միշտ կատարել եմ իմ առաքելությունն՝ անկախ ստեղծված պայմաններից: Լրագրությունն ինձ համար մեծ առաքելություն է: Մի լավ ասացվածք կա՝«Լրագրություննն ամեն դուռ կբացի»:

-Քանի որ 57 տարի լրագրության բնագավառում եք, բնականաբար, լրագրողի մասին, անշո՛ւշտ, կունենաք  Ձեր բանաձևը. ինչպիսի՞ն պետք է լինի լրագրողը:

-Լրագրողը պետք է սիրի իր մասնագիտությունն ու  պետք է որոնի ճշմարտությունը: Ես չեմ հավատում այն լրագրությունն ու լրագրողին, ով ընդամենը ձայնագրիչն ու տեսախցիկն է դեմ տալիս, ով  համոզմունք, սկզբունք չունի. իսկական լրագրողը պետք է սիրով, պատասխանատվությամբ, ազնվորեն անի իր գործը: Լրագրողը պետք կարողանա պատնեշ ճեղքել: Ճիշտ է, լրագրողները ճնշված են աշխարհում, նրանց դեմ ոտնձգություններ շատ են եղել, վտանգի է ենթարկվել ու ենթարկվում է նրանց կյանքը, սակայն, միևնույն է, լրագրողը պետք է ազնվորեն գործի: Լրագրողը պետք է անձեռնմխելի լինի, պաշտպանված: Այսօր դա շատ կարևոր է: Լավ լրագրողներ կան և Հայաստանում, և՛ Սփյուռքում. օրինակ՝ Շահան Գանտահարյանը, Հարութ Սասունյանը Սփյուռքում…Այսօր երիտասարդության շրջանում մասնագիտացած լրագրողների պակաս ունենք, հատկապես՝ մարզական լրագրող: Գրողներ ունենք, ովքեր մեզ նյութեր են ուղարկում, նրանցից շատերը  հրաշալի հրապարակագիրներ են, օրինակ՝ Հակոբ Պալյանը. նա լեզվաբան է, գրականագետ, արևմտահայերենի «ոստիկան»…բայց միայն լրագրությամբ ապրել չի լինի: Անուններ շատ կան, սակայն չեմ կարող թիրախավորել մեկը, միակը: Երիտասարդներից քչերն են ձգտում դառնալ լրագրող:

-Նշեք, խնդրեմ Ձեր հիշարժան հարցազրույցներից մեկը…

-Նոր էր  ստեղծվել  ՀՀ սփյուռքի նախարարությունը, նոր էր սկսել պաշտոնավարել  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, և նրա հետ առաջին հարցազրույցը ես անցկացրեցի 2008-ի հոկտեմբերի 8-ին: Հիշում եմ, որ ես գրեթե ներխուժեցի նրա աշխատասենյակ. վերջերս նախարարին հանդիպեցի և ժպիտով վերհիշեցինք այդ օրը:

-Գրական կեղծանուն ունե՞ք…

– Իմ ինքնության թղթումս գրված է Սարգիս Անմահունի Նաջարյան. Անմահունին հորս ծածկանունն է:

Ես հրաժեշտ եմ տալիս այս բազմաբեղուն լրագրողին, Լիբանանի լրագրող-խմբագիրների սենտիքայի, Լիբանանի մամուլի սենտիքայի, Լրագրողների միջազգային դաշնակցության, Հայաստանի լրագրողների միության անդամ, իր  երկարամյա լրագրողական վաստակի համար բազմաթիվ մեդալների, շքանշանների ու պատվավոր կոչումների արժանացած Սարգիս Անմահունի Նաջարյանին՝ մաղթելով, որ նա դեռ երկար   տարիներ լինի լրատվադաշտում ՝ խմբագրելով  ավելի շատ թերթեր, գրելով բազում  հետաքրքիր հոդվածներ ու հարցազրույցներ ու ընթերցողների սեղաններին դնի իր նոր գրքերը :

Կարինե Ավագյան

Scroll Up