Վերջին հանգրվանը՝ Հայաստան

Աշխարհով մեկ սփռված հայորդիներն, ի վերջո, մի օր վերադառնում են Հայրենիք, դեպի այն զուլալ ակունքները, որից անհնար է երկար ժամանակ հեռու մնալ…

Վերադառնում են՝ հավատալով, որ իրենց փոքրիկ ներդրումն անգամ, իրենց գիտելիքների շտեմարանը կարող է խթան հանդիսանալ Հայրենիքի հզորացման գործում: «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նրանցից մի քանիսի՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում սովորող ուսանողների հետ ունեցած փոքրիկ զրույցները:

Մանուկյան Դավիթ, 19տ. Ղազախստան, Ակտոբե

-Ես ծնվել, մեծացել և կրթություն եմ ստացել Ակտոբեում: Ղազախստանում հաճախել եմ հայկական կիրակնօրյա դպրոց, որտեղ էլ ուսումնասիրել եմ հայոց պատմությունը, ծանոթացել հայկական մշակույթին և սովորել հայոց լեզուն: Ամեն ամառ այցելել եմ Հայաստան՝ սեփական աչքերով տեսնելով ու զգալով այն ամենը, ինչի մասին կարդացել էի միայն գրքերում:

Բացի Հայաստանում սովորելուց՝ մեծ ցանկություն ունեի որոշ ժամանակ ապրել Հայրենիքում՝ ավելի մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի մտածելակերպին : Սկզբում դժվար էր, սակայն ժամանակի ընթացքում հարմարվեցի: Ուզում եմ իմ մասնագիտական գիտելիքներն օգտագործել՝ ի շահ Հայաստան-Ղազախստան միջազգային հարաբերությունների:

Խաչատրյան Ռայա, 18տ. ՌԴ, Մոսկվա

-Կյանքիս առաջին 13 տարին Հայաստանում եմ ապրել։ Ցավոք, այնպես ստացվեց, որ մեր ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Ես համառորեն չգնացի, մնում էի տատիկիս մոտ, սակայն ծնողներից կարոտում էի և, վերջիվերջո, տեղափոխվեցի նրանց մոտ: Այնտեղ ամեն ինչ նոր և օտար էր ինձ համար՝ մարդիկ, փողոցները, տները, բարքերը։ Իմ հարազատ Աբովյան քաղաքն այնքան փոքր էր, սակայն այնքա՜ն հարազատ… ու դրանից հետո՝ մեծ Մոսկվան «մեծ» մարդկանցով, ովքեր բոլորը շտապում են ինչ-որ տեղ և ասես չեն էլ նկատում մեկը մյուսին:
Ռուսաստանում ապրել եմ 2012-ից 2015-ը։ Տանը միշտ հայերեն էինք խոսում ոչ այն պատճառով, որ ռուսերեն չգիտեինք, այլ հայերենը չկորցնելու համար:

Երբ նոր էի տեղափոխվել ՌԴ, Հայաստան վերադառնալու մասին չէի մտածում: Երբ մի օր ծնողներիս ասացի, որ ուզում եմ Հայաստան վերադառնալ, նրանք շատ ուրախացան։ Իմ բախտը անսահման բերեց, քանի որ հենց այդ տարի Մոսկվայի պետական համալսարանն իր մասնաճյուղը բացեց Երևանում։ Իմ երկու երազանքները կարող էին իրականանալ միանգամից՝ սովորել ՄՊՀ-ում և ապրել Երևանում… ու ես վերադարձա։

Հիմա արդեն 2-րդ տարին է, ինչ ապրում և սովորում եմ Երևանում։ Երևանն ինձ համար այս երկու տարվա ընթացքում ամեն օր բացահայտվում է նորովի։ Համոզված եմ, որ աշխարհի յուրաքանչյուր կետում ինձ այսքան լավ չէի զգա։Ամեն ինչ այստեղ շատ յուրօրինակ է, գունեղ, ջերմ:

Հայաստանը տունս է. ես չգիտեմ գուցե ինքս ինձ ներշնչում եմ, բայց ես զգում եմ, որ Հայրենիքիս հանդեպ տածած սերս փոխադարձ է։

Դավթյան Սյուզաննա, 19տ. Ուզբեկստան, Տաշքենդ

-Ծնվել եմ Տաշքենդում և ապրել այնտեղ 16 տարի, բայց ամեն տարի այցելում էի Հայաստան: Հնարավորություն եմ ունեցել մասնակցելու նաև « Արի տուն- 2012» ծրագրին, որի շրջանակներում նորովի բացահայտեցի Հայաստանը, ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ մինչ այսօր կապ եմ պաշտպանում համացանցի միջոցով: Տպավորություններս, իրոք, անմոռանալի են. մինչ այժմ հիշում եմ, թե ինչպես էինք սովորում հայկական պարեր, երգեր, և այս ամենը տեսագրել ու պահում եմ:

Վերջերս ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցելու «Արի տուն-2017» ծրագրի 2-րդ փուլի ավարտին, որի ընթացքում վերապրեցի նույն հուզմունքը, երջանկությունը և իմ մեջ ցանկություն առաջացավ վերանայել 2012թ. տեսագրությունները:
Տաշքենդում հայոց լեզուն պահպանելու հարցում մեծ դեր են խաղացել իմ ծնողները և, իհարկե, իմ ամենամյա այցելությունները Հայաստան:
2015թ. տեղափոխվեցինք ԱՄՆ, որտեղ էլ ավարտեցի դպրոցը և վերջնականապես որոշեցի տեղափոխվել Հայաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Այժմ ես ապրում և սովորում եմ Երևանում. սկզբում շատ դժվար էր հարմարվել, սակայն հիմա ինձ լիովին Հայաստանի անբաժան մասնիկն եմ զգում:

Շատ եմ սիրում Հայաստանը և հորդորում եմ բոլոր սփյուռքահայերին վերադառնալ Հայրենիք:

Արման Մալոյան, 19տ. ՌԴ, Վլադիկավկազ

-Մինչ 10 տարեկանս ապրել եմ Հայաստանում՝ Գյումրիում, ստացել եմ հայկական կրթություն, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ենք Վլադիկավկազ:

Ի սկզբանե իմ տոհմի նախնիները սերունդներին հայամետ ու հայանպաստ քաղաքականությամբ են դաստիարակել, հետևաբար հայրս ինձ ու քրոջս հետ նույն կերպ է վարվել: Եր դեռ մանուկ էինք,հայրս հայկական գրականություն էր տալիս ընթերցանության համար: Բացի այդ՝ հայ եմ մնացել նաև իմ շրջապատի շնորհիվ: Անցան տարիներ, և ահա ես կրկին Հայաստանում եմ. որոշել եմ բարձրագույն կրթություն ստանալ Հայրենիքում:

Բարխուդարյան Նոնա, 19տ. ՌԴ, Նիժնիվարդովսկ

-Ամեն տարի այցելում եմ Հայաստան: Կապան քաղաքում բազմիցս եղել եմ ճամբարում: ՌԴ-ում մասնակցել եմ հայկական տոներին նվիրված միջոցառումներին թե՛ իմ պարով, թե՛ երգով, թե՛ ասմունքով:
Իմ եղբոր հետ, ով ապրում էր Հայաստանում, որոշել էինք միասին բարձրագույն կրթություն ստանալ Հայրենիքում: 2014թ նա ընդունվեց Երևանի մանկավարժական համալսարանի պարի ֆակուլտետ և զորակոչվեց բանակ: Ես պետք է ընդունվեի 2016թ՝ ճիշտ այն ժամանակ, երբ նա կավարտեր ծառայությունը: Ցավոք, իմ եղբայր Նորիկ Գասպարյանը զոհվեց 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ: Այժմ նա Հայաստանի հերոս է: Ես հպարտանում եմ իմ եղբորով և բոլոր այն զինվորներով, ովքեր իրենց երիտասարդ կյանքի գնով անառիկ պահեցին մեր սահմանները:
Այդ անպատմելի վիշտը հոգումս՝ այնուամենայնիվ, ես կարողացա պարապել և ընդունվեցի ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղ ու տեղափոխվեցի Հայաստան: Սկզբում շատ դժվար էր, քանի որ ամբողջ կյանքս ապրել էի Ռուսաստանում. ես մշակույթային ցնցում վերապրեցի, այն է՝ ապրելակերպի, կենցաղավարման, նույնիսկ՝ մտածելակերպի հսկայական տարբերություններ, սակայն կարողացա ժամանակի ընթացքում հաղթահարել այդ ամենը:
Անչափ կարևոր է այն, որ ես օտարության մեջ չեմ, տա՛նն եմ՝ Հայաստանում:

Զրուցեց ՄՊՀի երևանյան մասնաճյուղի լեզվաբանության
ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էդվիգա Թևոսյանը

 

Scroll Up