«Իմ զավակներն իրենց հաջողությունը գտան Հայաստանում» սիրիահայ հայրենադարձ
Ներկայացնում ենք #3խորհուրդսիրիահայից ծրագրի շրջանակներում «Հայերն այսօր»-ի հարցազրույցը սիրիահայ հայրենադարձ Ժորժեթ Օհանյանի հետ:
– Տիկի´ն Ժորժեթ, ե՞րբ եք տեղափոխվել Հայաստան:
– 2002 թվականին ամուսնուս հետ որոշեցինք, որ պետք է տեղափոխվենք Հայաստան՝ մեր հայրենիք: Մեր ցանկությունն էր, որ մեր զավակներն այստեղ մեծանան, մեր ընտանքն այստեղ ապրի, այլ ոչ թե որևէ օտար երկրում: Այս ամենը պատերազմից շատ առաջ էր, ու մարդիկ մեզ հարցնում էին, թե ի՞նչ կա Հայաստանում, որ ուզում եք տեղափոխվել: Բայց հիմա շատ գոհ ենք, ուրախ, որ նման որոշում ենք կայացրել: Եթե ամեն մեկն ասի՝ ի՞նչ կա Հայաստանում, որ տեղափոխվենք, մենք հայրենիք չենք ունենա:
– Հայաստանում հաստատվելուց հետո անմիջապե՞ս կայացրիք ռեստորանը բացելու որոշումը:
– Երբ նոր էինք տեղափոխվել, զգում էի, որ շատ ազատ ժամանակ ունեմ, իսկ ամուսինս, մինչև վերջնական այստեղ հաստատվելը, աշխատանք ուներ Հալեպում և հաճախ էր ճանապարհորդում: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ կարող եմ ազատ ժամանակս օգտագործել ուտեստներ պատրաստելու համար: Սկսեցի ֆելաֆելներ, սենդվիչներ պատրաստել և վաճառել կրպակներում: Մի քանի տեղ կրպակներ բացեցի: Գործս աստիճանաբար հաջողեց ու ես ավելացրեցի տեսականին, հաճախորդներս էլ շատացան: Արդեն երկու տարի է՝ բացել ենք այս ռեստորանը:
– Ռեստորանը կոչվում է «Արաքս»: Կարծում՝ եմ հայկական գետի անունով եք այդպես կոչել:
– Ո´չ, մեր ցանկությունն էր, որ բոլորի համար անունը հայկական հնչի:
– Ի՞նչ կերակրատեսակներ եք մատուցում ռեստորանում:
– Մատուցում ենք թե՛ սիրիական, թե՛ հայկական ճաշատեսակներ:
– Ո՞րն է Ձեր ռեստորանի հատուկ ուտեստը, որը խորհուրդ եք տալիս Ձեր հաճախորդներին:
– Ֆելաֆելը, որը ռեստորանում հենց սկզբից ենք մատուցել: Առ այսօր այն մեր ռեստորանի ամենահամեղ ճաշատեսակներից է: Անհամեստ թող չհնչի, սակայն մեզ մոտ մատուցվող ֆելաֆելի համն առանձնահատուկ է, և ուրիշ ոչ մի տեղ այսչափ համեղ չեն պատրաստում:
– Տիկի´ն Ժորժեթ, կան մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանում հարկային դաշտը դյուրին չէ բիզնես հիմնելու համար: Ի՞նչ կասեք Ձեր փորձառությունից ելնելով:
– Ես երեք անգամ իմ բիզնեսը զրոյից եմ սկսել: Բոլոր հարկերը պարտաճանաչ վճարել եմ: Միակ խնդիրն այն է, որ օրենքները հաճախ են փոխվում, ինչը որոշ բարդություններ է առաջացնում: Անցնող տարիների ընթացքում եղել են որոշ դժվարություններ, բայց փառք Աստծո, հիմա արդեն ամեն ինչ կարգավորվել է: Յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու համար ժամանակ է պետք:
– Այլ դժվարություններ ունեցե՞լ եք Հայաստանում:
– Ո´չ, ուրախ ենք, որ ապրում ենք Հայաստանում: Մենք մեզ այստեղ շատ հարազատ ենք զգում: Ոչ ոք մեզ չի նեղացնում: Հակառակը, անհրաժեշտության դեպքում փորձում են հնարավորինս աջակցել:
Ես երեք զավակ ունեմ: Մեկը օպերային երգիչ է, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հիմա ապրում է Ժնևում: Աղջիկս և մյուս տղաս այստեղ են ապրում: Փառք Աստծո, իմ զավակներն իրենց հաջողությունը գտան Հայաստանում:
– Ամենաշատն ի՞նչն եք սիրել Հայաստանում:
– Բնությունը, անշուշտ, շատ լավն է, բայց ամենից շատ մարդկանց սիրեցի: Այստեղ բոլորը քեզ նման են, այլ ոչ թե քեզանից տարբեր: Այլ երկրում ապրելով՝ այսչափ ազատ չես կարող շփվել մարդկանց հետ: Մենք այստեղ բոլորի հետ ընտանիքի պես ենք:
– Տիկի´ն Ժորժեթ, #3խորհուրդսիրիահայից ծրագրի շրջանակներում մեր վերջին հարցը. ի՞նչ խորհուրդ կտաք այն սիրիահայերին, ովքեր նույնպես ցանկություն ունեն Հայաստանում բիզնես հիմնելու:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուր գործարարի համար երեք ամենակարևոր հատկանիշներն են՝ համբերատարությունը, աշխատասիրությունը և նվիրվածությունը:
Զրուցեց Լաուրա Սամվելյանը