Սկաուտական բանակում Արցախում

Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է Շուշիի արվարձանում իրականացնել «Հայորդիներ» սկաուտական VIII  բանակումը, որը կտևի  հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10–ը։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայկի Սերունդ» ՀԿ վարչությունից:

Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 9 օր: Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են պատանիներ և երիտասարդներ Ստեփանակերտից և Արցախի բոլոր շրջաններից: Իսկ օգոստոսի 2-10 կմասնակցեն նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։

«Հայորդիներ» սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն:

Միջոցառման նպատակն է՝  խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը,     նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, նրա մեջ զարգացնել երկրի տիրոջ հոգեբանություն, Շուշին դարձնել համահայկական և միջազգային երիտասարդական հավաքատեղի։

«Հայորդիներ» սկաուտական բանակումներն  Արցախում իրականացվում են 2010 թվականից։ Տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թվաքանակը և աշխարհագրությունը։ Իրենց հերթին՝ արցախցի սկաուտները մասնակից են լինում Հայաստանում և Իրանում կազմակերպվող սկաուտական բանակումներին։ «Հայկի Սերունդ» կազմակերպությունը նպատակադրված է համագործակցություն հաստատել նաև այլ երկրների սկաուտական կազմակերպությունների հետ:

Scroll Up