«Արցախի ձայներ» երգչախմբի համերգները Գերմանիայի քաղաքներում

Հունիսի 22-ից 26-ը Գերմանիայում ՀՀ դեսպանության հրավերով և գերմանահայոց համայնքային կառույցների աջակցությամբ Գերմանիայի Քել, Քյոլն և Համբուրգ քաղաքներում համերգային ծրագրերով հանդես եկավ «Արցախի ձայներ» երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի գլխավորությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ստրասբուրգի մերձակա Գերմանիայի Քել քաղաքում կայացած «Արցախի ձայներ» երգչախմբի համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշեց, որ տվյալ համերգով մեկնարկ է տրվում «Արցախի ձայներ» համույթի հերթական եվրոպական շրջագայությանը, և այն բացառիկ հնարավորություն է ընձեռում օրվա հանդիսատեսին` ծանոթանալու երգչախմբի արվեստին և գնահատելու այն:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Արցախի ձայներ» երգչախմբի գործունեությունը, որն օրեցօր աշխարհի տարբեր երկրներում նոր բեմեր է նվաճում, կրկնակի նպատակի է ծառայում` համայն ճանաչման հասցնելու արցախահայ երգարվեստն ու մշակույթը, ինչպես նաև դրանց միջոցով լսելի դարձնելու հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու՝ Արցախի ժողովրդի կամքն ու իրավունքը:

Ավարտելով իր խոսքը` ՀՀ մշտական ներկայացուցիչը նոր բարձունքներ մաղթեց երիտասարդ տաղանդների բացահայտման և կայացման ինքնատիպ դարբնոց հանդիսացող «Արցախի ձայներ»-ին:

Համերգին ներկա էին նաև Ստրասբուրգի և Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի անդամներ, տեղական իշխանությունների ներկայացուչիչներ:

Քյոլնում տեղի ունեցած համերգի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԳԴՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկպայը:

Ներկաներին ուղղած իր խոսքում դեսպան Սմբատյանը, մասնավորապես, նշեց, որ այս համերգային ծրագիրը մեկ այլ կարևոր միջոց է հայկական հարուստ պատմական ժառանգությունը երաժշտության լեզվով ներկայացնելու, Արցախի շունչն ու ոգին լայն հասարակայնությանը փոխանցելու համար:

«Արցախի ձայներ» երգչախումբն իր բազմաժանր կատարողական արվեստով (ազգային, ժողովրդական, արտասահմանյան) արժանացավ գերմանահայութան և գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:

Scroll Up